Մի քանի օրվա ընթացքում Ախալքալաքում, ինչպես նաև Վրաստանում ու Հայաստանում սպառողները առաջին անհրաժեշտության ապրանքները գնել են մեծ քանակությամբ։ Խուճապն անցել է, պարենային ապրանքների գները մնացել են բարձր, իսկ ոմանք նույնիսկ նվազել են։
Ախալքալաքի մանրածախ առևտրի խանութներում ասում են, որ խուճապի պատճառով որոշ անհրաժեշտ ապրանքներ, օրինակ՝ շաքարավազը, անհետացել են խանութների վաճառափեղկերից։ Ախալքալաքում սպառողական խուճապն իր գագաթնակետին էր հասել մարտի 9-11-ը, երբ բնակիչները մեծ քանակությամբ սննդամթերք էին գնել։ Թեև, խուճապից հետո, երբ ասում էին, որ շաքարավազի դեֆիցիտ է լինելու, մարդիկ 50 կգ-անոց պարկ շաքարավազը գնել էին 175 և ավելի լարիով, նույն պարկը հիմա կարելի է գնել 160 լարիով։ Հիմնականում ապրանքների մեծ մասի գներն արդեն թանկացել են և մնում են բարձր։
Խանութների վաճառասեղաններին առկա են բոլոր մթերքները, այդ թվում՝ ձիթայուղը, որի մասին ասում էին, որ պատերազմի պատճառով կզգացվի դրա պակասը։ Երկրի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ երկրում սննդի պակաս չի ակնկալվում։ Սակայն դեռևս հնարավոր չէ կանխատեսել, թե արդյո՞ք հետագայում թանկացումներ կլինեն։
Տեղի խանութները պնդում են, որ ապրանքները թանկանում են ոչ թե տեղի վաճառողների ցանկությամբ, այլ այն պատճառով, որ մատակարարողները ապրանքը բերում են արդեն իսկ բարձր գներով։