Ջավախքում, և ընդհանրապես, Վրաստանում ձմեռն իր դիրքերը գարնանը չի զիջում: Ձնաբուքը, քամին, ձյունը արդեն երկու շաբաթ է, ինչ չեն դադարում: Փակվում են Ախալքալաքից գյուղեր տանող ճանապարհները, ինչպես նաև միջազգային և պետական նշանակության ճանապարհները։

Քաղաքապետարանից հայտնում են, որ այս պահին մունիցիպալիտետում փակ ճանապարհներ չկան, ճանապարհների մաքրման ինտենսիվ աշխատանքների շնորհիվ երեկ երեկոյան գյուղեր տանող փակ ճանապարհները բացվել են։ Այնուամենայնիվ, ամեն ինչ կարող է փոխվել՝ կախված եղանակից։

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (ՌԴ-ի հետ սահման) ավտոճանապարհին արգելված է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթեւեկությունը, կա ձնահյուսի վտանգ։

Նինոծմինդա-Ծալկա ճանապարհին (Փարվանայի լեռնանցք) երթևեկությունը սահմանափակ է, այս ճանապարհով կարող են տեղաշարժվել թեթև մարդատար ավտոմեքենաները:

Նինոծմինդայով դեպի Հայաստան ճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, իսկ կցորդների, կիսակցորդների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար ճանապարհը շարունակում է փակ մնալ։

Կարծախով Թուրքիա տանող ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։