Ախալքալաքի սպասարկման կենտրոնը կունենա մեկ կամ երկու նոր աղբատար մեքենա: Տեղական բյուջեից մեկ նման մեքենա գնելու համար հատկացվել է 280 000 լարի, սակայն հնարավոր է, որ Ճապոնիայից միջոցներ հատկացվեն երկրորդ աղբատար մեքենան գնելու համար:
Ախալքալաքի մունիցիպալիտետում աղբահանության խնդիրը միշտ արդիական է: Գյուղացիները չգիտեն, թե որտեղ թափեն աղբը, նրանք այն թափում են անտառում, գյուղերի ծայրամասերում կամ հենց գյուղում՝ ստեղծելով արհեստական աղբավայրեր: Թեպետ, ինչպես հայտնեցին Սպասարկման կենտրոնից, այս խնդիրը շուտով կլուծվի:
Այս փուլում արդեն կայացել է 200 աղբամանի գնման էլեկտրոնային մրցույթը: Աղբատար մեքենա գնելու համար Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեից հատկացվել է 280 000 լարի, բայց, թե երբ կոնկրետ կգնվի այդ մեքենան, դեռ պարզ չէ:
Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանի խոսքով՝ գյուղերում աղբատար մեքենան գնելուց հետո աղբի խնդիրն արդեն կլուծվի:
Հնարավոր է, որ երկրորդ աղբատար մեքենայի գնման համար միջոցներ հատկացվեն Ճապոնիայից: Դա հայտնի կդառնա ճապոնական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:
«Շուտով ես և նահանգապետը պետք է գնանք Ճապոնիայի դեսպանատուն, հանդիպումից հետո ամեն ինչ պարզ կդառնա: Մեծ հավանականություն կա, որ միջոցները կհատկացվեն», – ասում է Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:
Վերջինիս խոսքով, եթե ճապոնացիները միջոցներ տրամադրեն աղբատար մեքենա գնելու համար, ապա մունիցիպալիտետի կողմից հատկացված 280 000 լարին, միգուցե, կխնայվի և օգտագործվի Ախալքալաքի մունիցիպալիտետի այլ կարևոր կարիքների համար: