Եվրախորհրդարանում 635 «կողմ», 2 «դեմ» և 42 «ձեռնպահ» ձայներով ընդունվել է «Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության ոչնչացման» մասին բանաձև։
Այն պարտադիր կատարման ուժ չունի: Հիմք առնելով նախկինում ընդունված մի շարք բանաձևեր և համազեկուցողների` Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով հայտարարություններ, ռասիզմի և անհանդուրժողականության մասին զեկույցներ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2021 թվականի նոյեմբերի 11-ի հայտարարությունը, Արդարադատության միջազգային դատարանի 2021-ի դեկտեմբերի 7-ի որոշումները, համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիան և մի շարք միջազգային այլ փաստաթղթեր, Եվրախոհրդարանը նշում է, որ վերջին պատերազմից հետո Ադրբեջանի հսկողության տակ է հայտնվել 1456 կոթող, մեծամասամբ՝ հայկական:
Պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից էական վնաս է հասցվել հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգությանը, մասնավորապես, հրթիռակոծվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազաչենցոց եկեղեցին: Վնաս է հասցվել Մեխակավանի մոտ Զորավոր Սուրբ Աստվածածին և Մատաղիսում Սուրբ Եղիշե եկեղեցիներին, գերեզմանատներին:
Եվրախորհրդարանը դատապարտում է Ղարաբաղում և դրա շուրջ հայոց մշակութային ժառանգությունը վերացնելու և դրա գոյությունը հերքելու Ադրբեջանի քաղաքականությունը, որը հակասում է միջազգային օրենքներին: Եվրախորհրդարանը դա համարում է Ադրբեջանի որդեգրած հայատյացության քաղաքականություն:
Ծակուռիում այցելելով 12-րդ դարի հայկական եկեղեցու տարածք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե պետք է հեռացնել եկեղեցու պատերից հայերեն մակագրությունները:
Եվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել Ղարաբաղում հայոց պատմամշակութային կոթողների և եկեղեցիների ավերումը և հիշեցնում է, որ ցանկացած կոթողի ոչնչացում կամ դրա ինքնության և պատկանելության աղավաղում հակասում է Եվրամիության սկզբունքներին: