Վաչիան գյուղում 4 անդամանոց ընտանիքի սպանությունից անցել է 6 տարի։ Այս 6 տարիների ընթացքում սպանվածների հարազատները փորձում են գոնե ինչ-որ պատասխան ստանալ իրավապահ մարմիններից, բայց նրանց «լռությունից» ու անորոշությունից ավելի են տանջվում։

Հիշեցնենք, որ 2016 թ. hուլիսի 10-ի գիշերը Քաչոտյանների տանը սպանել էին մորը և երեք երեխաներին՝ 37-ամյա Օֆելյային, 16-ամյա Արմինեին, 18-ամյա Ասյային և 5-ամյա Սերգեյին: Սպանության երկրորդ օրը ձերբակալվել էր սպանվածների համագյուղացին՝ Նոդար Ակոպովը: Հետաքննությունը տարվում էր կանխամտածված սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում փաստով (Վրաստանի Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով): Նրան մեղադրանք էր առաջադրվել: Իրավապահ մարմինների տվյալներով, նա ինքնասպան է եղել 2016 թ. օգոստոսի 27-ին, կախվելով Գլդանիի №8 բանտում:

Ահա և այս գործի առնչությամբ ողջ տեղեկատվությունը։ Արդեն 6-րդ տարին է, ինչ սպանված Օֆելյա Քաչոտյանի ծնողներն ու հարազատները տեղեկություն չունեն, թե իրականում ինչ է կատարվել իրենց հարազատների հետ այդ չարաբաստիկ գիշերը։ Նրանք կրկին տանջվում են, բայց չեն հանձնվում, ամեն տարի բազմաթիվ հարցադիմումներ են ուղարկում Վրաստանի իրավապահ մարմիններին, նախագահներին, վարչապետներին և Վրաստանի այլ պետական ​​կառույցներին, իսկ վերջիններս կամ լռում են, կամ պատասխանում են նույն բանը։

«Վերջին անգամ հարցադիմում ենք ուղարկել մեկ տարի առաջ, պատասխան չենք ստացել, ոչ ոք չի ուզում պատասխանել, թե ով է սպանել իմ աղջկան ու թոռներին։ Փոխվել են դատախազները, ես արդեն մոռացել եմ, թե քանի դիմում ենք ուղարկել, միշտ պատասխանում են, սպասեք՝ մեկ ամիս, մեկուկես ամիս, իսկ մենք դեռ պատասխաններ չունենք։ Դա շատ տանջալի է»,- ասում է սպանված Օֆելյա Քաչոտյանի հայրը՝ Խաչատուր Ալեքյանը։

Արխիվային տեսանյութ Քաչոտյանների ընտանիքի սպանության վայրից

Ալեքյանների ընտանիքին օգնող փաստաբանի խոսքով՝ դժբախտացած ծնողները դեռևս հստակ պատասխաններ չեն ստացել՝ չնայած վերջին 6 տարվա ընթացքում 10-ից ավելի հարցադիմումներին ու նամակներին, որոնք հարազատների կողմից ուղարկվել են բոլոր ատյաններ։ Պատասխանը մեկն է եղել՝ նախաքննությունը շարունակվում է։ Փաստաբանի խոսքով՝ իրավապահները չեն կարող գործը փակել, քանի որ բացի Նոդար Ակոպովից, ով ինքնասպան է եղել, գործում այլ կասկածյալներ էլ են եղել։ Փաստաբանը, սակայն, այնպիսի զգացում ունի, որ այս գործով որևէ արդյունք չի լինի, և իրավապահ մարմինները սպասում են վաղեմության ժամկետի լրանալուն։

Քրիստինե Մարաբյան