Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ 2019 թվականին վերանորոգվել է Օրջա-Խանդո գյուղերն իրար կապող ճանապարհը: Բայց այդ ճանապարհն արդեն քանդվում է։
Տեղեկության համար նշենք, որ Օրջա, Խանդո, Վարևան, Ալաստան և Կոկիո գյուղերն իրար կապող ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 8 558 մետր, որի վերանորոգման համար ծախսվել է 3 083 573 լարի։
Չնայած նրան, որ ընդամենը երկու տարի առաջ է վերանորոգվել այս ճանապարհը, բայց այն սկսվել է քանդվել՝ մեծ և խորը ճանապարհափոսերը խոչընդոտում են անվտանգ երթևեկությանը: Օրջա գյուղի կամրջին առաջացած ճանապարհափոսերը ձյան հալվելուց հետո, ավելի խորն ու մեծ են դարձել:
«Փոսերը ճանապարհի հենց մեջտեղում են, որն ավելի է բարդացնում երթևեկությունը: Քանի որ այդ փոսերը շատ հաճախ լցված են լինում ջրով, անտեղյակ մարդու համար բարդ է լինում կողմնորոշվել, թե ինչ խորությամբ է այն և ինչպիսի վնաս կարող է հասցնել մեքենային», – նշում է Օրջա գյուղի բնակիչներից մեկը:
JNEWS-ը փորձել է պարզել, թե արդյո՞ք խնդիրը բարձրաձայնվել է, և ի՞նչ է սպասվում ապագայում նորոգման հետ կապված:
Օրջա գյուղի գյուղապետ Ռոբերտ Արևյանն ասում է. «Ես դիմել եմ համապատասխան մարմիններին: Ինձ ասել են, որ եղանակի բարելավումից հետո կսկեն զբաղվել այդ խնդրով և կվերանորոգեն ճանապարհը»:
Լիդա Ալմասյան