16-ամյա Վարդուհի Ղալաչյանը դպրոցում է սովորում և, միաժամանակ, ակտիվ կամավորական աշխատանք է իրականացնում: 2022 թվականին Վարդուհին ճանաչվել է Վրաստանի լավագույն կամավորներից մեկը: Կամավորությունը նրա համար ապրելակերպ է:

Վարդուհին Ծալկայի շրջանի Աշխալա գյուղից է: Մասնակցել և մասնակցում է տարբեր ծրագրերի և ինչպես ինքն է ասում՝ միակ նպատակն է այդ ծրագրերից մաքսիմալ փորձ և գիտելիք ստանալ: 11-րդ դասարանի աշակերտուհուն կամավորությունը չի խանգարում գերազանց առաջադիմությամբ սովորելուն, հակառակը՝ օգնում է:

varduhi 3

Մեր հերոսուհու խոսքով, երբ սկսել է զբաղվել կամավորությամբ, ամբողջովին փոխվել է իր աշխարհայացը: Սկսել է ավելի շատ ինքնակրթվել, որ կարողանա իր գիտելիքները փոխանցել իր հասակակիցներին: Օգնելով ուրիշներին՝ նա իրեն է օգնում:

Վարդուհին վստահ է՝ կամավորությունը պետք է վաղ տարիքից սերմանել երիտասարդության մեջ:

«Երիտասարդները պետք է ամեն ինչ անեն իրենց գյուղի, շրջանի ու քաղաքի համար: Այդ ամենի գիտացկելու համար կարևոր դեր ունի կամավորական աշխատանքը»:

Մեր հերոսուհին երիտասարդներին խորհուրդ է տալիս հեռախոս թերթելու փոխարեն՝ շատ կարդալ, ֆիլմեր դիտել, զարգանալ…