Ախալքալաքի «Խաս Բախչա» կենտրոնական զբոսայգում հերթական անգամ մեկնարկեց ամառային «Սուրբ Խաչ» մանկական ճամբարը: Մեկ ամսվա ընթացքում երեխաները կստանան հայրենասիրական և քրիստոնեական կրթություն:
Հուլիսի 23-ին մեկնարկեց Ախալքալաքի շրջանի շուրջ 200 երեխաների ամառային հանգիստը «Սուրբ Խաչ» ճամբարում, Ախալքալաքի համանուն եկեղեցուն կից: Ճամբարը ամեն տարի կազմակերպում է Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու Սամցխե-Ջավախքի թեմը:
Ճամբարը կգործի 1 ամիս: Ամեն օր այն կսկսվի ժամը 10.00-ին և կավարտվի` ժամը 17:00-ին: Ճամբարում երեխաներին մեկ անգամ կերակրում են բուտերբրոդներով, ինչպես նաև օրվա ընթացքում տալիս են հյութեր և միրգ:
Ճամբարի նպատակն է` երեխաներին տալ հայրենասիրական և քրիստոնեական կրթություն:
Գայանե Սիմոնյանը արդեն երկրորդ տարին է ինչ գալիս է Ախալքալաք այս ճամբարում որպես ջոկատավար աշխատելու համար:
«Քանի որ երեխաները հայրենիքից դուրս են գտնվում նրանք պարտավոր են իմանալ այն ամենը և ստանալ այն ամենը ինչ հայ երեխաները Հայաստանում են ստանում: Այսինքն կտրված չլինեն: Այս նպատակով, նախատեսվում են տարբեր միջոցառումներ: Եվ այս ամառային ճամբարն էլ ևս մի միջոցառում է », – ասաց ամառային ճամբարի ջոկատավար Գայանե Սիմոնյանը:
Երեխաների հետ զբաղվում են 4 մանկավարժ, ովքեր ժամանել են Հայաստանից: Նրանք մեկ ամսվա ընթացքում կկազմակերպեն տարբեր միջոցառումներ, էքսկուրսիաներ, ուղևորություններ դեպի Ջավախքի պատմական վայրեր:
Ըստ Գայանե Սիմոնյանի, միջոցառումները կլինեն հայրենասիրական, կրոնական, ինչը կօգնի պահպանելու ինքնությունը և հարգելու ծնողներին:
Երեխաներին առաջին օրը բաժանեցին շապիկներ և գլխարկներ, ինչպես նաև նրանք բաժամվեցին խմբերի ու իրենց խմբերի համար ընտրեցին անուններ:
Շուշան Շիրինյան