Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն արդեն երրորդ անգամ է գումար է հատկացնում Սուլդա գյուղում մանկապարտեզի վերանորոգման համար, սակայն գյուղի մանկապարտեզը դեռ չի գործում:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա գյուղում մոտ 40 նախադպրոցական տարիքի երեխաներ կան, նրանց ծնողները դժգոհում են, որ գյուղում մանկապարտեզի կապիտալ վերանոգումն ավարտվել է երկու տարի առաջ, բայց մանկապարտեզը դեռ չի գործում:
Այս տարի Սակրեբուլոն 19 675 լարի է կհատկացնի նախակրթարանի շենքում ջրի խնդիրը լուծելու և կաթսայատան համար վառարան գնելու նպատակով:
Հիշեցնենք, որ 2018 թվականին Սուլդա գյուղում մանկապարտեզի շենքը հիմնանորոգվել էր, թեև այն չէր բացվել ջրի և ջեռուցման բացակայության պատճառով: 2019 թ-ի հոկտեմբերի 9-ին, տեղի էր ունեցել Ախալքալաքի Սակեբուլոյի հերթական նիստը, որի ժամանակ Սուլդա գյուղի մանկապարտեզի շենքում ջրի խնդիրը լուծելու և կաթսայատան համար վառարան գնելու նպատակով 12 500 լարի էր հատկացվել:
Ըստ Սուլդա գյուղում քաղաքապետի ներկայացուցչի՝ Զարզանդ Կուջոյանի, մանկապարտեզում անցած 2019 թվականին ոչ մի աշխատանք չի իրականացվել:
«Մանկապարտեզում մի քանի տեղերում վնասվել է հատակածածկը, անհրաժեշտ է վերանորոգել այն, ինչպես նաև տեղադրել ջրամղիչ պոմպեր և ցիստեռններ, որպեսզի մանկապարտեզը ջրով ապահովվի: Կաթսայատան համար պետք է նաև վառարան գնել», – ասում է Զարզանդ Կուջոյանը:
Պարզելու համար, թե շենքն ինչու դեռևս շահագործման չի հանձնվում և ինչի վրա է ծախսվել 12 500 լարին, մենք դիմեցինք Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանին:
Վերջինիս խոսքով՝ անցած տարի հատկացված գումարը բավարար չէր այս բոլոր աշխատանքների համար, այդ իսկ պատճառով վերանորոգման աշխատանքները չեն սկսվել:
«Անցյալ տարի հատկացված գումարը ծախսվել է այլ կարիքների համար, քանի որ Սուլդա գյուղի մանկապարտեզի համար չէր բավարարում», – ասում է Արմեն Մառանգոզյանը:
Ըստ նրա, այս տարի որոշվել է հատկացնել 19 675 լարի, որպեսզի վերջապես լուծվի գյուղի մանկապարտեզի խնդիրը:
Բոլոր աշխատանքների համար մունիցիպալիտետը կհայտարարի տենդեր, իսկ այն շահող ընկերությունը կկատարի աշխատանքները:
Չնայած այն հանգամանքին, որ արդեն երրորդ տարին է, ինչ գումար է հատկացվում Սուլդա գյուղում մանկապարտեզի վերանորոգման համար, դեռ հայտնի չէ, թե երբ կսկսի գործել նախադպրոցական հաստատությունը: JNEWS-ը կհետևի այս խնդրին և պարբերաբար կանդրադառնա Սուլդա գյուղի մանկապարտեզի թեմային:
Բրատիսլավ Իգիթխանյան