Հաղորդվում է Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում պայթյունների և կրակոցների մասին՝ Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո, որը կարող է ազդարարել երկու երկրների միջև ծանր մարտերի սկիզբը:
Այսօր վաղ առավոտյան արևմտյան լրատվական գործակալությունների հաղորդագրություններում ասվում է, որ բազմաթիվ քաղաքներ ենթարկվել են հարձակման, և որ ցամաքային ուժերը Ուկրաինա են մտնում Ռուսաստանի և Բելառուսի տարբեր դիրքերից:
CNN-ի ուղիղ եթերում երևում են պայթյուններ մայրաքաղաք Կիևի մի քանի շրջաններում։ Reuters-ը վկայակոչել է մի ականատեսի՝ ասելով, որ պայթյուններ են լսվել Կիևում: Կիևի «Բորիսպոլ» գլխավոր օդանավակայանի մոտ կրակոցներ են օպերացիայի մասին Ռուսաստանի նախագահի հայտարարությունից հետո, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։
Վիրավորների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան, սակայն Ուկրաինայի ՆԳՆ ներկայացուցիչն ասել է, որ լայնամասշտաբ ներխուժում է սկսվել, որից վաղուց վախենում էին:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Twitter-ում գրել է. – «Պուտինը հենց նոր լայնածավալ ներխուժում սկսեց Ուկրաինա։ Ուկրաինայի խաղաղ քաղաքները հարվածների տակ են: Սա ագրեսիայի պատերազմ է»։
Այսօր վաղ առավոտյան իր հեռուստատեսային ելույթում Պուտինը փորձել է արդարացնել հարձակողական գործողությունը՝ պնդելով, որ պետք է խոչընդոտել Ուկրաինային միջուկային զենք ձեռք ստանալու հարցում: Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել վայր դնել զենքերը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անմիջապես դատապարտել է գործողությունը՝ այն անվանելով «չհրահրված և չարդարացված» հարձակում Ուկրաինայի վրա, և ասել, որ աշխարհը «Ռուսաստանին պատասխանատվության կենթարկի»։
«Նախագահ Պուտինն ընտրեց կանխամտածված պատերազմը, որը կարող է հանգեցնել կյանքերի աղետալի կորստի և մարդկային տառապանքի։ Միայն Ռուսաստանն է պատասխանատու մահվան և ավերի համար, որ այս հարձակումը բերելու է, և Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները և գործըկերները կպատասխանեն միասնական ու վճռական ձևով։ Աշխարհը Ռուսաստանին պատասխանատվության կենթարկի», – հայտարարել է Բայդենը։
Բայդենն ասել է, որ այսօր կդիմի ժողովրդին։