Վրաստանը մոտ ապագայում Ասիական Զարգացման Բանկից (ԱԶԲ) 101 մլն եվրոյի չափով վարկ կստանա՝ Թբիլիսիում և այլ քաղաքներում ենթակառուցվածքները բարեկարգելու նպատակով։ Նախօրեին Վրաստանի խորհրդարանը ԱԶԲ-ի հետ համաձայնագիրը վավերացրել է։

«Վարկի հիմնական նպատակն է շրջաններում գտնվող քաղաքները դարձնել ավելի գրավիչ ապրելու համար, խոսքը տեխնիկական և սոցիալական ենթակառուցվածքների բարելավման մասին է… Ընդհանուր առմամբ, այն կնպաստի նախագծերի հետագա ֆինանսավորմանը, որոնք կարող են ծառայել երկրի տնտեսական զարգացմանը»,- ասել է ֆինանսների փոխնախարար Գիորգի Կակաուրիձեն։

ԱԶԲ-ի վարկով կկառուցվի մինչև 20 մանկապարտեզ: Նախատեսվում է նաև կառուցել սպորտային համալիրներ և զբոսաշրջային ենթակառուցվածքներ։ Թբիլիսիում ծրագիրն իրականացվում է Թբիլիսիի զարգացման հիմնադրամի կողմից, իսկ այլ մունիցիպալիտետներում՝ Մունիցիպալ զարգացման հիմնադրամի կողմից:

Բանաձեւի ընդունմանը կողմ է քվեարկել 150 պատգամավորներից 84-ը։

Վրաստանը վարկի շրջանակներում առաջին տրանշը (վարկային գումարի մասնաբաժինը) ստացել է դեռևս 2019 թվականին՝ գումարը հատկացվել է նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման նախապատրաստման համար։ Այն նախատեսված է 26 տարի ժամկետով, որից 11 տարիների ընթացքում Վրաստանը վարկը կմարի արտոնյալ պայմաններով։ Նախագծերի սահմանված վեջնաժամկետը 2027 թվականի դեկտեմբերի 30-ն է: