Մայիսի 17-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի Կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավայի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ: Քննարկվել են կրթության և գիտության ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացման ուղիները:
Նախարարներն ընդգծել են, որ երկու երկրների գիտակրթական համակարգերում առկա են միևնույն մարտահրավերները, որոնց պետք է լուծումներ գտնել համատեղ ջանքերով և տարածաշրջանային ծրագրերով:
Այնուհետև ՀՀ կրթության և գիտության նախարարության և Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև հուշագիր է ստորագրվել:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ կրթության ոլորտում նշանակալի փոփոխություններ են նկատվել Ալեքսանդր Ջեջելավայի նախարար նշանակվելուց հետո:
«Կտրուկ և լուրջ փոփոխություններ են եղել մեր երկկողմ հարաբերություններում՝ հանրակրթության, միջին և բարձրագույն կրթության ոլորտներում, ինչպես նաև գիտության բնագավառում այն իմաստով, որ փորձելու ենք անցնել գործնական ծրագրերի՝ մեր երկու երկրների կրթական հիմնախնդիրները քննարկելու և համապատասխան լուծումներ գտնելու համար: Մեր երկու երկրներն էլ նույն կրթական բարեփոխումների փուլում են՝ միաժամանակյա և միաձև հիմնախնդիրներով, և իսկապես համագործակցության մեծ հնարավորություն կա ոչ միայն երկկողմ, այլ նաև Հայաստան-Վրաստան դեպի Եվրոպա ուղղությամբ: Թե բարձրագույն կրթության, և թե գիտության մեջ մենք ունենք լուրջ համատեղ ծրագրեր, որոնք կարող ենք ներկայացնել մեր եվրոպացի գործընկերներին, քանի որ նաև նույն ակումբների անդամ ենք թե Հորիզոն-2020-ի, և թե Բոլոնիայի գործընթացի մասով, և այս ուղղությամբ կա լուրջ հնարավորություն: Այսինքն՝ պետք է փորձենք մեր երկրները դիտարկել իբրև մեկ միասնական կրթական տարածք՝ նույն խնդիրներով և նույն արժեհամակարգով»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ստորագրված փաստաթուղթը շատ կարևոր է:
Հուշագիրը հստակ առաջադրանք ունի աշխատանքային խմբեր ձևավորելու վերաբերյալ, որի արդյունքում ընդամենը մի քանի ամսից անցում կլինի արդեն գործնական աշխատանքի: Ըստ հուշագրի` կողմերը պարտավորվում են զարգացնել անմիջական համագործակցություն երկու երկրների բարձրագույն կրթական, գիտական և հետազոտական հաստատությունների միջև, խթանել կրթական համակարգերի կառուցվածքի, բովանդակության և կազմակերպման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումը՝ համագործակցությունը բարելավելու նպատակով:
Կողմերը աշխատանքային խմբեր կձևավորեն հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության, գիտության և հետազոտության ոլորտներում աշխատելու նպատակով:
Պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարան, ծանոթացել հին ձեռագրերին, եղել Մ. Սեբաստացի կրթահամալիրում և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: