Ախալքալաքի շտապ օգնության ծառայությունում կադրերի պակաս կա: Այս մասին հայտնում է Ախալքալաքի շտապ օգնության ծառայության տնօրեն Երեմ Եզոյանը:
Ներկա դրությամբ ութ բժշկի փոխարեն աշխատում է ընդամենը երեք բժիշկ, իսկ մի բժիշկ էլ չորս օրը մեկ հերթապահության է գալիս Ախալցիխեից:
Ծառայությունում զբաղվածությունը շատ է, իսկ կադրերի բացակայությունը այն դարձնում է կրկնակի, քանի որ կանչերը շատ են, իսկ բժիշկները՝ քիչ: Երեմ Եզոյանի խոսքով, Ախալքալաքի շտապ օգնության ծառայությունում արդեն 7 տարի է թափուր աշխատատեղեր կան: Սակայն վերջին շրջանում խնդիրն ավելի է սրացել՝ պայմանավորված կորոնավիրուսային համաճարակով:
«Երբ կանչերը շատ են և չենք հասցնում երբեմն օգնության են գալիս Նինոծմինդայի և Ասպինձայի շտապ օգնության ծառայության աշխատակիցները, բայց իմ կարծիքով դա հարցի լուծում չէ: Պետք է բժշկական անձնակազմը համալրվի համապատասխան մասնագետներով, որպեսզի հարցը վերջնական լուծում ստանա», – ասում է Եզոյանը:
Վերջինս նաև նշում է, բողոքներ են ստանում, որ շտապ օգնությունն ուշանում է, ինչի պատճառն էլ հենց ծառայության աշխատակիցների պակասն է:
Ինչ վերաբերվում է այն հարցին, թե ինչքանո՞վ է ծանրաբեռնված նրանց աշխատանքը կորոնավիրուսի պատճառով, շտապ օգնության ծառայության ղեկավարի խոսքով, իրենց մոտ միշտ էլ աշխատանքային պիկ է:
Jnews-ի հետ զրույցում քաղաքացիները նշում են, ծանր իրավիճակում ստիպված ժամերով սպասում են շտապ օգնությանը, իսկ որոշները որպեսզի չսպասեն ստիպված են լինում սեփական մեքենայով հիվանդին հասցնել հիվանդանոց՝ անկախ նրանից հիվանդին կարելի է տեղափոխել, թե՝ ոչ:
Լիդա Ալմասյան