Ախալքալաքում հերթական անգամ տեղի ունեցավ «Ջավախք» ճամբարի հաշվետու միջոցառումը: Մոտ 150 երեխա ներկայացան ծնողներին և հյուրերին 9 օրվա ընթացքում ձեռք բերած գիտելիքներով:

5 տարի առաջ սկիզբ դրվեց «Ջավախք» ճամբար ծրագրին, որն իր շուրջ է համախմբում Ջավախքի երեխաներին և յուրահատուկ ընկերական կապ ստեղծում ջավախքցիների և սփյուռքահայերի միջև:

«Երբ 5 տարի առաջ եղավ այս գաղափարը մեզ համար էլ անակնկալ էր, թե ինչպես կարելի է ճամբար կազմակերպել շենքային պայմաններում, շրջապտույտներ չկան, գիշերակաց չկա, բայց դա շատ լավ պատկերացնում էին ԱՄՆ-ի արևելյան ափի երիտասարդական միության անդամները, իրենց նախաձեռնությամբ ու օժանդակությամբ եկան և մեզ զարմացրին, որ հնարավոր է նման ճամբար անել»,- ասաց ՎՀՕՄ ատենապետուհի Կարինե Թադևոսյանը:

jambar1

jambar2

«Ջավախք» ճամբարը առանձնանում է իր ուսուցողական ծրագրով: Դասախոսություններ Հայաստանի տեսարժան վայրերի, նշանավոր հայերի մասին, հայկական ազգագրական երգերի ուսուցում, ամենատարբեր խաղերի կազմակերպում և այլն: Յուրաքանչյուր տարի ճամբարի փակումը կայանում է հաշվետու համերգային ծրագրով, որտեղ երեխաները ներկայացնում են իրենց ճամբարական օրերի ընթացքում ձեռք բերած գիտելիքները:

Հուլիսի 27-ին Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի բակում երեխաները, որոնք բաժանված էին 3 խմբի, մրցեցին ճամբարի ընթացքում սովորած երգերով: Յուրաքանչյուր ճամբարում երեխաները բաժանվում են երեքական խմբերի՝ կարմիր, կապույտ և ծիրանագույն:

Ջավախքի ճամբար ծրագիրը Հայ Օգնության միության ծրագիրն է, և Վրաստանում իրականացվում է ՎՀՕՄ-ի օժանդակությամբ: Առաջին տարին Ջավախքի ճամբար ծրագիրն կազմակերպվել է միայն Ախալցխայում և Ախալքալաքում: Իսկ այսօր արդեն ծրագրի շրջանակները ընդարձակվել են հասնելով Նինոծմինդա և Ծալկա: Յուրաքանչյուր ճամբարում մինչև 120 երեխա է հաճախում, չնայած որ Ախալքալաքում այս տարի երեխաների քանակը հասավ 150-ի:
jambar3

jambar7

«Տարբեր ընտանիքներ ճամբարի համար հանգանակում են որոշակի գումար, որպեսզի կարողանան մեծ ծրագրում գոնե փոքրիկ ներդրում ունենան: ՀՕՄ-ը Արևելյան և Արևմտյան Ամերիկայից խոշոր գումար է տալիս, որպեսզի դեպի Ջավախք ճամբարի դրամ հավաքենք: Ես երկրոդ տարին է, որ գալիս եմ, երբ հոս չեմ կզգամ, որ միշտ իրենց հետ եմ, մենք իբրև սփյուռքահայ նպատակ ունենք, որ կապ ստեղծենք Ջավախքի հայերու հետ: Եվ ճամբարի ավարտից հետո էլ շարունակենք կապը», – ասաց «Ջավախք» ճամբարի խմբապետ Գառնի Արմենյանը:

Սփյուռքից ժամանած խմբապետները հստակ նշում են Ջավախքի ու սփյուռքի ապրելակերպի ու բարբառի տարբերությունները, հավելելով, որ Ջավախքի երեխաները առանձնանում են իրենց անկեղծությամբ և շուտ ընկալելու ունակությամբ:
jambar6

jambar4

«Ես մինչև Ջավախք գալս չէի իմանում, որ այսչափ հայ է այստեղ ապրում, դրանից բացի չէի իմանում, որ այսքան հայկական կառույցներ կան, որտեղ երեխաները կարող են սովորել: Բարբառը բավականին տարբերվում է, հատուկ մի հետաքրքիր բան երևի չկարողանամ վերհիշել, բայց երեխաները, որ ինձ հետ խոսում են, ես հասկանում եմ իրենց: Կուզեի ջավախքցիները ավելի մեծ գիտելիքներ ունենան Հայաստանի, Ջավախքի ու Արցախի վերաբերյալ»,- ասում է «Ջավախք» ճամբարի խմբապետներից Բյուզանդ Բերբերյանը:

Ճամբարի խմբապետներից Կարինն առաջին անգամ է Ջավախքում, տպավորված է ջավախքցիների հյուրասիրությամբ ու ընկերասիրութամբ:

«Շատ հյուրասեր եք, շատ բարի եք: Այստեղ կյանքը նույնը չէ, որ մենք վարժված ենք Ամերիկայում: Իմ մեծ հայրը Երզրումից է, ինչպես և Ջավախքի հայությունը, դրա համար ես ինձ ավելի հարազատ եմ զգում»,- ասաց Կարին Պետյանը:

Հուլիսի 19-ից 27-ը «Ջավախք» ճամբարը հերթական անգամ կայացավ Ախալքալաքում: Այս օրերի ընթացքում սփյուռքից ժամանած 8 խմբապետ եղան նաև Ջավախքի տարբեր տեսարժան վայրերում:

Ճամբարը Ախալքալաքում փակելուց հետո, նրանք ուղևորվեցին Ծալկա, որտեղ նմանատիպ ճամբար են կազմակերպելու և հետու նույն ձևով անելու են Նինոծմինդայում և Ախալցխայում:

jambar5

jambar8

Աղունիկ Այվազյան