Այսօր՝ փետրվարի 11-ին, Ախալքալաքի սակրեբուլոյում ներկայացվեց «Լեռնադահուկային սպորտը և զբոսաշրջության զարգացման հեռանկարներն Ախալքալաքի մունիցիպալիտետում» նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում է Օլավերդ գյուղում լեռնադահուկավազքի կենտրոն բացել։
Ըստ ներկայացված նախագծի Օլավերդ գյուղում լեռնադահուկային վազուղիներ կկառուցվի, մոտավորապես 300մ երկարությամբ ճոպանուղի, մոտ 1000մ սահուղի, որի համար նախնական հաշվարկներով կպահանջվի 180-200 հազար լարի:
Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ այն տարածքում, որտեղ կկառուցվի լեռնադահուկավազքի կենտրոն, կարելի է զարգացնել նաև այլ ենթակառուցվածքներ՝ հյուրանոց, ռեստորան և այլն։
Սակրեբուլոյի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Սեդա Մելքումյանը ներկայացնելով նախագիծը, նշեց, որ նոր լեռնադահուկավազքի կենտրոնի բացումով զբոսաշրջությունն Ախալքալաքում կզարգանա, ինչի հիմքը մեր շրջանն ունի, օրինակ՝ բնական ռեսուրսներ, մշակութային կոթողներ և այլ տեսարժան վայրեր ու պատմամշակութային հուշարձաններ։
Նախագծի ներկայացմանը ներկա էին Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանիշվիլին, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, ինչպես նաև ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչներ, տեղական տուրիզմով զբաղվող անձիք, Արագվայի դահուկավազքի կենտրոնի սաները և այլք։
Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը իր խոսքում նշեց, որ նոր նախագծեր իրականացնելուց միշտ հաշվի են առնում այն փաստը, որ նոր աշխատատեղեր բացվեն։ Դահուկավազքի այս կենտրոնը կխթանի շրջանի ինտեգրմանն ու հանրահռչակմանը:
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանն առաջնահերթություն է համարում մունիցիպալիտետում զբոսաշրջության զարգացումը: Մակարյանը նշեց՝ դեռ հարցականի տակ է, թե ի՞նչ ուղղությամբ և ի՞նչ սկզբունքով կառաջնորդվեն, Օլավերդ գյուղը կլինի, Սամսարը թե Սուլդան, պարզ չէ:
Քաղաքապետը նաև կարևորեց Արագվայի լեռնադահուկավազքի կենտրոնի ընդլայնումն ու համալրումը՝ անհրաժեշտ մարզագույքով:
Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանիշվիլին ասաց. «Այս նախագծի համար բավականին մեծ գումար է հարկավոր, շնորհանդեսի ընթացքում ներկայացվեց գումար, որը կոպիտ հաշվարկ է: Նախագիծը շատ կարևոր է, և ես կապ կհաստատեմ Էկոնոմիկայի նախարարության հետ, հանդիպում կկազմակերպենք ինչպես նախարարության, այնպես էլ լեռնային հանգստավայրերի զարգացման գործակալության հետ։ Կարծում եմ, առաջին փուլը կլինի տարածքի հետազոտությունը»:
Հարկ է նշել, որ տեղական ինքնակառավարման մարմինները որոշակի ծրագրեր ունեն Լևանա լճի հետ կապված և նախատեսում են դեպի լիճ տանող ճանապարհների բարեկարգում։
Ախալքալաքում զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները օգտվելով առիթից նահանգապետին և տեղական իշխանություններին ներկայացրին ոլորտի խնդիրներն ու ներուժը:
Գայանե Ակոջյան