Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի անունից մասնակցել է Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցող պետությունների ղեկավարների պատվին կազմակերպված պաշտոնական ճաշին, որտեղ հրավիրված են եղել ավելի քան 40 երկրների ղեկավարներ՝ դաշինքի անդամներ և դաշնակիցներ։

Իսպանիայի թագավորը խոսքով դիմել է հավաքված հյուրերին: Ընթրիքի մասնակիցները միասին լուսանկարվել են։

Լուսանկարներն ու տեսանյութերը Մադրիդից հրապարակում է Վրաստանի կառավարության վարչակազմը։

Մադրիդում Իրակլի Ղարիբաշվիլին նախատեսում է գագաթնաժողովի շրջանակներում բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ անցկացնել։

Վրաստանի պատվիրակության կազմում են արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին, պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն և կառավարական ապարատի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։

Ղարիբաշվիլին երկուշաբթի օրը ասել էր, որ պատվիրակությունն ակնկալում է, որ գագաթնաժողովը «կգնահատի և կճանաչի» «ողջ առաջընթացը», որը երկիրը գրանցել է տարիների ընթացքում։

Գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը հայտարարել է, որ Մադրիդում կայացած հանդիպմանը դաշինքը «աջակցության նոր փաթեթներ» կընդունի Վրաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի ու Մոլդովայի համար։

Ղարիբաշվիլին գագաթնաժողովին մասնակցելու պաշտոնական հրավերը ստացել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից մեկ շաբաթ առաջ։ Հրավերի նամակում ասվում էր, որ Վրաստանի վարչապետը կմասնակցի դաշինքի գործընկերների հետ պետությունների ղեկավարների հատուկ հանդիպմանը։