Հուլիսի 19-20 Ախալքալաքի թիվ մեկ դպրոցում և կրթական ռեսուրս կենտրոնում շրջանի մանկավարժները հանձնեցին վրաց լեզվի քննություն։
2009 թ.-ից Վրաստանում գործում է ոչ վրացական դպրոցներում մանկավարժների վրաց լեզվի իմացությունը զարգացնելուն ուղված ծրագիրը։ Հուլիսի 19-ին ուսուցիչները հանձնում էին Ա1 կարգի քննությունը, որը հաղթահարելուց հետո կփոխադրվեն Ա2 կարգ։ Իսկ այսօր հանձնեցին А2 կարգի քննությունը:
«Իմ կարծիքով հարցերը բարդ չէին, հիմնականում գրաֆիկական հարցեր էին, նկարով ցույց է տրված, պետք է մենք բառերով գրեինք, հարցերի քանակին ուշադրություն չդարձրեցի, իմ կարծիքով ես անցողիկ բալը կհավաքեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Արագվայի դպրոցի կենսաբանության մասնագետ Անահիտ Ունանյանը:
«Ինչպես կարող էինք, այնպես էլ հանձնեցինք։ Դժվար չէր, ուղղակի ձայնագրություններ կային, որ լավ չէր լսվում»,- ասաց Հայոց լեզվի և գրականության մասնագետ Մարինե Արոյանը։
Մանկավարժները հանձնեցին 2 քննություն՝ գրավոր և բանավոր։ Գրավոր քննությունը թեստային էր, իսկ բանավորը հարցաթերթիկիների միջոցով: Մասնակիցը վերցնում է 2 հարցաթերթիկ, որոնցից յուրաքանչյուրի մեջ ներառված է 2 հարց, և ըստ ցանկության մեկը պահում է իր մոտ մյուսը վերադարձնում է։ Հատկացվում է որոշ ժամանակ հարցերին պատրաստվելու համար, որից հետո սկսում են քննությունը։
«Հաշվի առնելով այն փաստը, որ Վրաստանը բազմազգ պետություն է, նման ծրագրերի անցկացումը ոչ վրացալեզու բնակավայրերում նպաստում է բնակիչների ինտեգրմանը։ Վրաստանի ցանկացած քաղաքացի պարտավոր է տիրապետել վրաց լեզվին, որպես պետական լեզու։ Այս շրջանը դասընթացի արդյունքների ստուգման փուլն է, եթե մասնակիցը պատասխանի Ա1 կարգի հարցերին կփոխադրվի Ա2 կարգ, որտեղ ծրագիրը համեմատաբար ավելի բարդ է»,- մեզ տեղեկացրեցին Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնից:
Դասավանդող մասնագետներին ընտրում է Կրթության և գիտության նախարարությունը, ովքեր տեղափոխվում են տվյալ գյուղ կամ քաղաք և ժամանակավոր ապրում ու աշխատում։
«Ես Խաշուրից եմ, Կարծախ գյուղում դասավանդում եմ վրաց լեզու՝ թե աշակերտներին, և թե մանկավարժներին, դասընթացներն ամեն օր են, հուսով եմ քննությունը բարեհաջող կանցնի», – մեզ հետ զրույցում ասաց մանկավարժ տիկին Թամարան։
Քննությունների արդյունքները պարզ կլինի որոշ ժամանակ անց, այս պահի դրությամբ մանկավարժների հիմնական մասը գոհ են քննության ընթացքից և հուսով են, որ հնարավոր 26 բալից, գոնե 13-ը կհավաքեն։
Ջուլիետա Տոնականյան