Ազգային փոքրամասնությունների համար կրթական նոր ծրագիր է իրականացվում: Մրցույթն անցած պետական և հանրային աշխատողները վրացերենով կսովորեն համակարգչային տարբեր ծրագրեր, ինչը նպաստելու է նրանց մասնագիտական աճին:
Վրաստանի ազգային փոքրամասնությունների համար նախատեսված կրթական այս ծրագիրն իրականացնում է Զուրաբ Ժվանիայի անվան պետական վարչարարության դպրոցը: Ծրագիրն իր մեջ ներառում է համակարգչային տարբեր ծրագրերի ուսուցանում վրաց լեզվով:
«Մեր նպատակն է համակարգչային տեխնոլոգիաներ ուսուցանել ազգային փոքրամասնություններին, նպաստել նրանց մասնագիտական աճին: Որպեսզի պետական աշխատողները կարողանան ստացած գիտելիքներն օգտագործելով ավելի արդյունավետ աշխատեն»,- ասաց Զուրաբ Ժվանիայի անվան վարչարարության դպրոցի համակարգչային տեխնոլոգիաների ուսուցման ծրագրի ղեկավար՝ Գիորգի Տաբուցաձեն:
Հանրային այն աշխատողները, ովքեր ցանկանում են մասնակցել այս ծրագրին նախօրոք վրացերենի իմացության և համակարգչային գիտելիքներն ստուգող թեստ են հանձնում: Նախապատվությունը տրվում է Զ. Ժվանիայի դպրոցի վրաց լեզվի ուսուցման դասընթացներին մասնակցած դիմորդներին: Ծրագրին մասնակցելու համար Ախալքալաքում գործող Զուրաբ Ժվանիայի վարչարարության դպրոց են դիմել 30 հոգի: Նրանցից միայն 12-ին է հնարավորություն ընձեռվել մասնակցել համակարգչային դասընթացներին:
Վրացերենով համակարգչային ծրագրերի ուսուցման կուրսի տևողությունը երեք ամիս է: Շաբաթական երեք օր, օրական երկու-երեք ժամ: Ծրագիրն իրականացվում է Վրաստանի թվով 8 շրջաններում. Ախալքալաք, Նինոծմինդա, Ծալկա, Մառնեուլ, Գարդաբան, Դմանիս և այլուր:
Աղունիկ Այվազյան