Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր 50 տարեկանից բարձր են, ովքեր կընդունեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի իրենց առաջին դեղաչափը մինչև 2022 թվականի փետրվարի 28-ը ներառյալ, կստանան 200 լարի (65 ԱՄՆ դոլար) միանվագ օգնություն։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է matsne.gov.ge կայք-էջում։
Վրաստանի կառավարության 2021 թվականի նոյեմբերի 8-ի՝ «COVID-19-ի դեմ պատվաստման համար սոցիալական աջակցության լրացուցիչ միջոցառումների մասին» որոշման մեջ կատարված փոփոխությունների համաձայն՝ սոցիալական աջակցության տրամադրումը չի ավարտվի հունվարի 1-ին և կերկարաձգվի մինչև փետրվարի 28-ը:
Հրամանագրում նշվում է, որ պատվաստվել հնարավոր է բոլոր բուժհաստատություններում, որոնց թույլատրվում է բնակչությանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերով պատվաստել, զանգվածային պատվաստումային կենտրոններում կամ շարժական բրիգադների կողմից։
Հրամանագիրը ստորագրվել է հունվարի 31-ին, իսկ փետրվարի 1-ին հրապարակվել է «Օրենսդրական տեղեկագրի» կայքում։
Անցյալ տարվա նոյեմբերի սկզբին Վրաստանը գործարկել էր մի ծրագիր, որի շնորհիվ կխրախուսեր քաղաքացիներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացած 60-ից բարձր քաղաքացիները ստանում էին 200-ական լարի։ Հետագայում տարիքային շեմն իջեցվեց մինչև 50 տարեկանը։
Հունվարի 25-ին՝ Միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում, որոշվել է դրամական տեսքով խրախուսել 50-ից բարձր այն քաղաքացիներին, ովքեր կորոշեն ընդունել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի խթանիչ դեղաչափը։ Վերջիններս պետությունից կստանան 100 լարի (33 ԱՄՆ դոլար) դրամական պարգև։