Ըստ առկա տեղեկությունների՝ պայթյուն է որոտացել Տղիբուլիի հանքավայրում։ Միջադեպի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է։ Նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է։
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Տղիբուլիի հանքերի կառավարման ընկերությունից, հանքում միջադեպ է տեղի ունեցել, դեպքի մանրամասները տեղում ուսումնասիրում են ընկերության աշխատանքի անվտանգության ծառայության ներկայացուցիչները։
Ըստ նրանց՝ վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, հինգ-վեց հոգի վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
«Դեպք է եղել, հիմա ուսումնասիրում են կատարվածը։ Մենք դեռ հստակ չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել։ Դեռևս պետք է ճշտել, իմ տեղեկություններով, տուժել է հինգից վեց մարդ։ Հատկապես ծանր հարված է ստացել մեկ տղամարդ։ Ցավոք, նա մահացավ։ Մնացածը թեթև են։ Բոլորը առաջին բուժօգնություն ստանալու համար տեղափոխվել են հիվանդանոց։ Պայթյունի հավանական պատճառների մասին դեռ ոչինչ չեմ կարող ասել։ Մեր ընկերության անվտանգության ծառայության ներկայացուցիչները հետաքննություն են անցկացնում»,- ասել է «Սաքնախշիրի» հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գվանցա Դելիբաձեն։
Վրաստանի Առաջին ալիքին ՆԳ նախարարությունից հայտնել են, որ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով, որը ենթադրում է հանքարդյունաբերության, շինարարության կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնների խախտում։