1991 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մինիստրների խորհրդին կից ստեղծվել է Պաշտպանության պետական կոմիտեն, իսկ դեկտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանով պաշտպանության նախարար նշանակվել է Վազգեն Սարգսյանը: 1992 թվականի հունվարի 28-ին պատմական որոշում է կայացվել «ՀՀ պաշտպանության մասին», այդպիսով իսկ ազդարարելով Հայ Ազգային բանակի ստեղծումը: Հայ-ադրբեջանական լարվածության պայմաններում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովումը կարևորագույն խնդիր էր։
1992 հունիս-1994 մայիսին Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ, ներգրավվելով Ադրբեջանի դեմ դժվարին պատերազմի մեջ, ազգային բանակ էր ստեղծում, դրա հետ կապելով իր ապագան: ԶՈւ նորաստեղծ ջոկատները պատրաստությունից հետո հաշված օրերի ընթացքում ուղևորվում էին ճակատ: 1994 թվականից մինչ օրս համարվում է բանակի կառուցման փուլ։
Հայկական բանակն իր կազմավորման 30-ամյակը նշում է բարդ պայմաններում՝ 44-օրյա պատերազմից հետո և բարդ աշխարհաքաղաքական պայմաններում։
Հունվարի 28-ին նախատեսված Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է՝ պայմանավորված երկրում համաճարակային վիճակի կտրուկ սրմամբ։ Բացի այդ՝ հրավիրյալներից շատերի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակ։
Բանակի օրվա առթիվ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը՝ Կառավարության անդամների և բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած անձանց հիշատակին:
Հայաստանի զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է հետևյալը․
«Անկախ իրավիճակներից՝ մեր բանակը եղել ու մնում է մեր անվտանգության և ինքնության երաշխավորն ու պահապանը: Երախտագիտությամբ ու խոնարհումով հիշենք ու ոգեկոչենք բոլոր նրանց, ովքեր պայքարել ու մարտնչել են մեր Հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի համար, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել մեր անկախության և ազատության համար։
Բոլորիդ հետ միասին անհամբեր սպասում եմ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին: Մենք պետք է շարունակենք մեր ջանքերը նրանց՝ հայրենիք վերադարձնելու և անհետ կորածների արագ հայտնաբերման ուղղությամբ:
Բոլորս պետք է միասնական լինենք բանակի հետ, ամուր պահենք նրա թիկունքը և ամրացնենք այն, համախմբվենք բանակի շուրջ:
Սիրելի՛ զինծառայողներ,
Ձեզնից յուրաքանչյուրը բանակի յուրահատուկ առանցքն է:
Հայրենիքը, մենք բոլորս հույսով ու հավատով, հարգանքով, հպարտությամբ ու վստահությամբ ենք նայում ձեզ, և ձեզ հետ միասին նոր հաղթանակներ ենք կերտելու:
Փա՛ռք Հայոց բանակին»:
Այսօր Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել։
«Այսօր բանակի օրն է, նաև Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը։ Մենք՝ միաբան մեր հայրերի հետ, բարձրացանք այստեղ, որպեսզի մեր աղոթքն առ Աստված բարձրացնենք մեր քաջարի զավակների հոգիների հանգստության համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գարեգին Երկրորդը։
Վեհափառ Հայրապետի խոսքով, հայցում են, որ Տերը օրհնի մեր ժողովրդի կյանքը՝ ապրելու խաղաղության և ապահովության պայմաններում, ապրելու արարողական, ստեղծագործական կյանքով, բարօրության մեջ։
«Նաև մեր հայցն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի Տիրոջ օրհնությամբ զորանա Հայոց բանակը և պաշտպանի խաղաղ, անվտանգ կյանքը մեր երկրի և մեր ժողովրդի»,- ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։