Այն ուսանողները, ովքեր կրթությունը շարունակում են Հայաստանում մտավախություն ունեն, որ հետ՝ Վրաստան գալուց հետո աշխանտանք գտնելու հարցում կդժվարանան։ Դրա համար նրանց մի մասն ավարտելուց հետո շարունակում է ապրել և աշխատել Հայաստանում: Մյուսներն ավելի հաստատակամ են, նրանք կարծում են, որ հետ գալուց հետո էլ, եթե նույնիսկ իրենց սովորած մասնագիտությունով էլ չաշխատեն, հաստատ հնարավորություն կունենան ուսումնասիրել պետական լեզուն և ընթացքում անգործ չեն մնա։
Սյուզաննան 2018 թվականին ավարտելով Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի հանրային դպրոցը կրթությունը շարունակել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետում՝ պատմություն մասնագիտությամբ:
«Չնայած տարածված կարծրատիպին, որ եթե սովորել ես Հայաստանի բուհերից մեկում և չես կարողանա Վրաստանում աշխատել՝ սխալ է, որովհետև համալսարանն ավարտելուց անմիջապես հետո Ջավախքում անցել եմ աշխատանքի: Աշխատում եմ Կուլիկամի հանրային դպրոցում, որպես պատմության ուսուցչուհի, և Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում, որպես հայոց պատմության ուսուցչուհի», – ասում է Սյուզաննա Այվազյանը։
Ուսանողներից շատերը, ովքեր Հայաստանից հետ են վերադառնում դիպլոմով պետական և մասնավոր սեփականություններում աշխատանքի ընդունվելու համար պահանջվում է պետական լեզվի՝ վրացերենի իմացություն։ Այդ իսկ պատճառով նրանցից շատերը սկսում են ուսումասիրել վրացերեն:
«Համալսարան ընդունվելուց հետո կանգնել եմ բազմաթիվ դժվարությունների առջև, ամենադժվարը հայոց պատմության չիմացությունն էր, քանի-որ Վրաստանի դպրոցներում չենք ուսումնասիրում Հայոց պատմությունը, բայց այդ ժամանակ իմ գլխում ընդամենը մեկ միտք կար՝ չկա անհաղթահարելի դժվարություն, երբ ուժերիդ հավատում ես, պայքարիր այնքան մինչև հասնես նպատակիդ»,- ընդգծում է Սյուզաննան:
Վերջինս աշխատելուն զուգահեռ սովորում է առցանց թվային մարքեթինգ և Զ. Ժվանիայի դպրոցում՝ վրացերեն:
«Ըստ իս՝ յուրաքանչյուր մարդ, ով ապրում է մի երկրում, պետք է պարտադիր իմանա այդ երկրի պաշտոնական լեզուն, այս դեպքում՝ վրացերենը», – եզրափակում է Սյուզաննա Այվազյանը։
Այն ուսանողները, ովքեր կրթությունը շարունակում են Վրաստանի բուհերում վրացերենի նախապատրաստական կուրսի և 4 ուսանողական տարիների ընթացքում հիմնականում հասցնում են տիրապետել պետական լեզվին և ավարտելուց հետո փորձում են ընդունվել աշխատանքի։ Բայց հաճախ գործատուները պետական լեզվին տիրապետելուց բացի պահանջում են բավարար աշխատանքային փորձ, որը բարձրագույն ուսումնական հաստատություններ նորավարտ ուսանողները չունեն։
«Ես սովորել եմ Թբիլիսիի Պետական Համալսարանի հաշվապահության բաժնում։ Հետ՝ Ախալքալաք վերադառնալուց հետո ցանկություն առաջացավ աշխատելու, բայց բավարար աշխատանքային փորձ չունենալու պատճառով չկարողացա աշխատել իմ ընտրած և շատ սիրելի մասնագիտությունով։ Դրա համար փորձեցի այլ մասնագիտությունով աշխատել մինչև կկարողանամ բավարար փորձ ձեռք բերել և աշխատել որպես հաշվապահ», – ասում է Տիրուհի Պետրոսյանը։
Ինչքան էլ համալսարանները փորձում են ավարտական տարվա ընթացքում պրակտիկ աշխատանքներ տանել ուսանողների հետ, միևնույն է տեսական մասը գերակշռում է և չի բավարարում ավարտելուց հետո միանգամից աշխատանքի ընդունվելու համար։ Ուսանողները պահանջում են լրացուցիչ պրակտիկ դասընթացներ ապագայի համար լավ մասնագետներ լինելու համար։
«Ավարտական կուրսի ընթացքում, երբ համավարակը դեռ մեզ վերջնական չէր լքել, մենք ստիպված եղանք, որոշ պրակտիկ աշխատանքներ առցանց ձևաչափով անցնել։ Բայց, եթե հեռավար էլ չլիներ, միևնույն է, ես կարծում եմ, որ ճիշտ է տեսական մասը շատ կարևոր է, բայց պրակտիկ աշխատանքները պետք է էլ ավելի շատ լինեն, որ բավարար փորձ ձեռք բերենք հետագայում աշխատելու համար։ Հիմա ես իմ կոլեգայից եմ նոր բաներ սովորում, որոնք հաշվապահության մեջ շատ մեծ կիրառական նշանակություն ունեն», – ասում է Տիրուհին։
Ուսանողները, ովքեր ավարտել են Վրաստանի բարձրագույն բուհեր, կարծում են, որ չնայած բոլոր դժվարություններին, նրանք առավելություն ունեն, այն ուսանողների նկատմամբ, ովքեր կրթությունը շարունակում են արտասահմանում։
«Ես կարծում եմ, որ Վրաստանում կրթություն ստանալը շատ ճիշտ ընտրություն էր իմ կողմից, քանի որ լինելով Վրաստանի քաղաքացի և ազգային փոքրամասնություն Վրաստանը շատ հնարավորություններ է ընձեռում մեզ։ Մենք հնարավորություն ունենք սովորել պետական լեզուն, այնուհտեև՝ այն մասնագիտությունը, որը ցանկանում ենք։ Ես սովորում եմ Թբիլիսիի Պետական Համալսարանի օտար լեզուների՝ անգլերեի բաժնի 4-րդ կուրսում։ Սովորելու հետ միաժամանակ աշխատում եմ լեզվի կենտրոններում, որտեղ ինչպես հայ, այնպես էլ վրացի աշակերտներին դասավանդում եմ անգլերեն։ Ես կարծում եմ, որ եթե չսովորեի Վրաստանում, ապա այն հեռանկարները չէի կարողանա տեսնել այս երկրի սահմաններից ներս, որոնք հիմա եմ տեսնում», – ասում է Մարիետտա Կուջոյանը։
Ժաննա Չոգանդարյան