ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ժամը 17.00-ի դրությամբ զինված խումբը դեռ շարունակում է անազատության մեջ պահել ոստիկանության մի քանի ծառայողների՝ պնդելով նախկինում ներկայացված պահանջը: Նրանք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին:
«Այս պահին ընթացող բանակցությունների շրջանակներում իրավասու պետական մարմինների ներկայացուցիչները փորձում են համոզել ահաբեկիչներին զերծ մնալ մարդկանց կյանքը և առողջությունը վտանգող հետագա գործողություններից, ազատ արձակել պատանդներին, վայր դնել զենքը և առանց դիմադրության հանձնվել իշխանություններին»,- ասված է հայտարարության մեջ:
Ոստիկանության և իրավապահ մարմինների հատուկ բոլոր ստորաբաժանումները բերված են մարտական վիճակի, սակայն նրանց հատուկ գործողություններ կատարելու ցուցում տրված չէ:
Ստեղծված իրավիճակից ելնելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի պատասխանատուների հետ: Խորհրդակցության մասնակիցները Հանրապետության նախագահին զեկուցել են հուլիսի 17-ի առավոտյան մայրաքաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակի և իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվող միջոցների մանրամասները:
Ընդգծվել է, որ իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար:
ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում են մի խումբ զինված մարդիկ, այդ թվում՝ ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը, վիրավոր, բժիշկներ և պատանդ վերցված ոստիկաններ:
Ամբողջ օրվա ընթացքում Երևանում ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել տարբեր մարդկանց: ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարել է, որ բոլոր բերման ենթարկվածները տարվել են ոստիկանություն օրինական հիմքերով ու ազատ կթողնվեն սահմանված ժամկետներում, եթե այլ արարքներ չեն գործել:
Կարդացեք նաև՝ http://jnews.ge/am/?p=6935#.V4u4TPmLTIU
Գլխավոր լուսանկարը Hetq.am-ի