Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին հայտնել է, որ երկրում կորոնավիրուսով վարակվածների հոսպիտալացման մակարդակը 20-ից նվազել է մինչև 4,5 տոկոս։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ կորոնավիրուսի տարածման աճի տեմպերի պատճառով հիմնական բեռն ընկնում է առցանց կլինիկաների վրա։
«Մենք այս հարցում ներգրավում ենք բժշկական բուհերի ուսանողներին, և նրանք աշխատանքի են ընդունվում բուհի բազայում, որոնք առցանց խորհրդակցում են կորոնավիրուսով վարակվածների հետ։
Մենք նաև նախատեսում ենք սկսել հաղորդակցային արշավ, որը ներառում է տեսանյութերի ստեղծում այն մասին, թե ինչպես բուժվել տնային պայմաններում, քանի որ ինչպես տեսնում ենք և ինչպես ցույց է տվել այլ երկրների փորձը, «օմիկրոն» տարբերակը կվերածվի սովորական ընթացիկ սեզոնային գրիպի:
Ուստի կարևոր է ճիշտ առաջարկություններ տալ, թե ինչպես բուժվել տնային պայմաններում, սրա հետ մեկտեղ մենք առաջարկում ենք կլինիկա տեղափոխել քրոնիկ հիվանդություններով կամ բարձր ռիսկային խմբերին պատկանով հիվանդներին, իսկ եթե հնարավոր է նրանց տանը բուժել, ապա տրամադրում ենք ավելի շատ խորհրդատվություն։ Անցած շաբաթվա ընթացքում ավելացրել ենք մեծ թվով որակավորված ընտանեկան բժիշկների, ինչպես նաև զանգերի կենտրոնի օպերատորների»,- ասել է առողջապահության նախարարը։
Ինչ վերաբերում է պատվաստմանը, ապա նախարարը նշել է, որ երկրում կա Pfizer-ի ավելի քան 500 հազար դեղաչափ, ինչպես նաև այլ պատվաստանյութերի ևս 1,5 միլիոն դեղաչափ։
«Հետևաբար, մենք պետք է ավելի ակտիվացնենք աշխատանքը։ Մենք արդեն ծրագրել ենք, որ այն շրջաններում, որտեղ պատվաստումն ավելի քիչ հասանելի է եղել, 30-ից 40 շրջիկ խմբեր միաժամանակ շրջայցեր կկատարեն և տեղում պատվաստեն մարդկանց։ Բացի այդ, մենք սկսում ենք պատվաստումների վերաբերյալ հաղորդակցային արշավ, և պատշաճ բացատրություն կտրվի իմունիզացման առավելությունների մասին: Բացի այդ, մենք խրախուսական միջոցառումներ ենք սկսել։ Միասին մենք կարծում ենք, որ կկարողանանք սպառել Pfizer-ի առկա 500 000 դեղաչափերը»,- նշել է Ազարաշվիլին։
Նախարարը նաև հաստատել է, որ Վրաստանն արդեն բանակցություններ է վարում «Pfizer»-ի հետ դեղամիջոցի նոր դեղաչափերի մատակարարման շուրջ և ակնկալում է, որ համաձայնությունը ձեռք կբերվի մինչև շաբաթվա վերջ։