Կորոնավարակի «օմիկրոն» շտամը շարունակում է լայն տարածում գտնել հասարակության շրջանում։ Ինչպես տեղեկացնում են Ախալքալաքի վրակաբանները այստեղ նույնպես «օմիկրոնն» է իշխում։ Չնայած այն հանգամանքին, որ մարդիկ վարակի այս շտամը նույնպես ծանր են տանում, միևնույն է չեն հրաժարվում մասնակցել մեծ հավաքների՝ հարսանիք, քելեխ, ծնունդ և այլն։

Կորոնավարակային պայմաններում պետության սահմանադրությունն արգելում է 10 հոգուց ավել մարդկանց հավաքը, ավելի կոնկրետ համաձայն Վրաստանի կառավարության №322 որոշման՝ մեկուսացման և կարանտինի կանոնների հաստատման մասին 5-րդ հոդվածի (հավաքի կանոնակարգում)՝, որը սահմանափակում է ավելի քան 10 անձի հավաքը, ինչը առնչվում է սոցիալական հավաքներին, (օրինակ՝ հարսանիք, տարեդարձ, քելեխ և այլն), ներառյալ զանգվածային ժամանցային միջոցառումները։

Չնայած արգելքին Թբիլիսիի առևտրի կենտրոններում հարյուրավոր մարդիկ են հավաքվում, հերթեր են գոյանում սննդի կենտրոններում, չնայած, որ «կանաչ անձնագիր» են պահանջում, կամ 72 ժամյա թեստ, բայց միևնույն է, ոչ ոք չի կարող ապահովագրել կամ շրջանցել այն փաստը, որ մի օր առաջ թեստը հանձնողը, հաջորդ օրը չի հիվանդացել, նույնը վերաբերում է նաև «կանաչ անձնագիր» ունեցողներին:

Ախալքալաքում մարդիկ վերսկսել են մեծ հարսանիք անելու ավանդույթը: Եթե նախկինում հարսնետերը հրավիրում էր մոտ 50-60 հյուրի, ապա հիմա իրավիճակն այլ է, այսինքն՝ մոտ 300 հյուր։ Եթե կորոնավարակի ընթացքում «մաղար» հասկացողությունը վերացել էր, ապա հիմա քաղաքի կենտրոնական փողոցներով օրվա ընթացքում նվազագույնը երկու անգամ կարելի է տեսնել ազդանշաններով շրջող մեքենաների շարասյուն։

Վարակաբանները նշում են, որ երկրում դեպքերի 90%-ի մոտ վարակի «օմիկրոն» շտամն է, որն ավելի արագ է տարածվում։ Հիմա էլ բնակիչների մոտ դեռ կան կարծրատիպեր, որ նրանք ընդամենը հարբուխ ունեն և կորոնավարակի հետ կապ չունի իրենց հիվանդությունը, արդյունքում ազատ տեղաշարժվում են հանրային վայրերում, գնում են՝ թե հարսանիքի, թե քելեխի և մարդաշատ որևէ այլ հավաքի։

Հարց է առաջանում, եթե Ախալքալաքում բնակիչները ենթարկվեն բոլոր սահմանափակումներին, արդյո՞ք կորոնավարակի շտամները տարածում չեն գտնի, այն դեպքում, եթե 300 հոգով հարսանիքն արգելվի, իսկ մետրոյում նույն քանակի ուղևորներըկարող են գտնվել մի վագոնում…