Ղարաբաղյան երկրորդ պատերազմը սրեց ներքաղաքական բախումները՝ վերածելով դրանք խորը ձգձգվող ճգնաժամի, որն էլ ավելի է սրվում երկրի առանցքային պաշտոնատար անձանց հրաժարականներով։
Երեկ՝ հունվարի 23-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Նա իր որոշումը բացատրում է որպես «որոշակի տրամաբանությունից բխող»։ Նա նշում է, որ «նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկա դժվարին ժամանակաշրջանում ներքին և արտաքին քաղաքականության հիմնարար գործընթացների վրա ազդելու համար»։
Մինչ այդ՝ դեկտեմբերին, վարչապետ Փաշինյանի նախկին համախոհներից Հայկ Մարությանն էր լքել Երևանի քաղաքապետի պաշտոնը։ Նա պատմել էր, որ սկզբունքային տարաձայնություններ ունի իշխող ուժի հետ, հատկապես աշխատավարձերի բարձրացման հարցում, որոնք, ըստ նրա, արվել են գաղտնի և մեկ գիշերվա ընթացքում։
Դժվար է մտապահել ու թվարկել, թե մեկուկես տարվա ընթացքում քանի պաշտպանության ու ներքին անվտանգության նախարար է նշանակվել ու պաշտոնանկ արվել։
2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը եռակողմ հայտարարություն էր ստորագրվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 44 օր տեւած պատերզմի հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին։ Այդ օրվանից Հայաստանում ներքաղաքական իրավիճակը սկսեց օրեցօր վատանալ։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք անցկացվեցին ներքաղաքական իրավիճակի լարվածության պատճառով, ԱԺ մտան ընդդիմադիր ուժեր, այդ թվում՝ նախկին իշխանությունների կողմից։ Գրեթե բոլոր հարցերը, որոնք բարձրացվում են Ազգային Ժողովում, ուղեկցվում են վեճերով և տարաձայնություններով, ներառյալ արտաքին և ներքին քաղաքականությանը, ինչպես նաև պատերազմին և հետպատերազմյան իրավիճակին վերաբերող հարցերը։ Այս ամենը, շատ փորձագետների կարծիքով, խոչընդոտում է այս հարցերի լուծմանը։
«Իհարկե, ներքաղաքական իրավիճակն ազդում է արտաքին իրավիճակի վրա և հակառակը, իշխանությունները չեն կարող իրենց թույլ տալ շատ բաներ ներքաղաքական իրականության պատճառով և, հակառակը, շատ բաներ, որոնց իշխանությունները կընդառաջեին, նա չի կարող, որովհետեւ կա արտաքին քաղաքական ճնշում եւ այլն։ Մեկը մյուսի վրա է ազդում, եւ երկրում հետպատերազմյան շոկ է, Հայաստանը դուրս չի եկել դրանից, այս ամենը շատ սուր է ընկալվում, սրա շուրջ շատ են էմոցիոնալ դիսկուրսները»,- ասում է փորձագետ, քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
Քրիստինե Մարաբյան