Վրաստանը համալրել է այն երկրների ցանկը, որոնց թույլատրվում է խխունջներ արտահանել ԵՄ շուկա։ Այս մասին հայտնում է երկրի Գյուղատնտեսության նախարարությունը։
Որոշումն ընդունվել է Եվրոպական հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի 2022/34 կանոնակարգի համաձայն։
Այս Կանոնակարգի ընդունմանը նախորդել են Գյուղատնտեսության նախարարության և Պարենի ազգային գործակալության կողմից ԵՄ օրենսդրության հետ մերձեցման միջոցառումները, որոնք պատրաստվել են Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (DCFTA) շրջանակներում:
Գյուղատնտեսության նախարարությունը նշում է նաև, որ Գյուղական զարգացման գործակալության հետ համատեղ իրականացրել են բազմաթիվ ծրագրեր, որոնք նպաստում են Վրաստանում խխունջների արտադրության զարգացմանը։
Գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի խոսքով՝ խխունջների արտադրությունը բավականին հետաքրքիր ուղղություն է վրացի ֆերմերների համար՝ մեկ հեկտարի եկամուտը մի քանի տասնյակ հազար եվրո է։
Խխունջների արտադրության ստեղծման և զարգացման արտոնյալ ագրովարկային ծրագրի շրջանակներում տրամադրվել է ընդհանուր առմամբ 38 վարկ՝ ավելի քան 10 մլն լարիի չափով, իսկ Գյուղական զարգացման գործակալության կողմից տրամադրված համաֆինանսավորումը կազմել է ավելի քան 824 հազար լարի:
Վրաստանը 2014 թվականին ստորագրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, որի անբաժանելի մասն է հանդիսանում Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը։
2016 թվականի դեկտեմբերին Եվրահանձնաժողովը թույլատրել է վրացական մեղրի, իսկ 2020 թվականին՝ կենդանիների համար նախատեսված սննդամթերքի, ինչպես նաև կենդանական ծագման ոչ պարենային ապրանքների որոշ կատեգորիաների (կաշի, բուրդ) ներկրումը։