«Ելնելով այն հանգամանքից, որ մենք որևէ պատճառ չենք տեսնում ազգային արժույթի ոչ արժեզրկման, ոչ էլ դրա ամրապնդման համար, մենք, ամենայն հավանականությամբ, կարող ենք ենթադրել, որ Վրաստանի Ազգային բանկը կկարողանա գնել արտարժույթը և համալրել պահուստները», – ասվում է «ТВС-Capital» ընկերության հաշվետվության մեջ։
Ինչպես ասվում է զեկույցում՝ կային որոշակի ակնկալիքներ, որ ընտրություններից հետո լարիի փոխարժեքը կսկսի արժեզրկվել, ինչը նպաստել է լարիից դոլար փոխանակումների ծավալների ավելացմանը։ Այնուամենայնիվ, շուկայում բացակայում են արժեզրկմանը նպաստող հիմնարար գործոններ, և դա առաջին հերթին պայմանավորված է արտերկրից դրամական փոխանցումների և զբոսաշրջության ոլորտի եկամուտների աճով։
«Հենց զբոսաշրջությունից ստացված եկամուտներն էին, որ դարձյալ հավասարակշռության դեր խաղացին։ Բացի այդ, արտահանումից և դրամական փոխանցումներից ստացված եկամուտները սեպտեմբեր ամսին զգալիորեն աճել են, և աճը գրանցվել է ոչ միայն համավարակի համեմատ, այլև՝ 2019 թվականի։ Սեպտեմբերին աճել է նաև շինարարության ոլորտը։ Տնտեսության միակ ոլորտը, որտեղ կրճատում է գրանցվել՝ վերամշակող արդյունաբերությունն է»,- ասվում է զեկույցում։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի դեպքերի աճը և քաղաքական անկայունությունը որոշակի բացասական սպասելիքներ են ստեղծում և վտանգ ներկայացնում տնտեսական ակտիվության համար։ Թեև, չնայած դրան, 2021 թվականի արդյունքներով տնտեսական աճը կլինի 1%-ով ավելի, քան կանխատեսվում էր վերջին զեկույցում՝ խոսքը մոտ 10,5% տնտեսական աճի մասին էր։
Ազգային բանկը նաև 2021 թվականի համար գնաճի կանխատեսումը 8,5%-ից բարձրացրել է մինչև 10%։
Աղբյուրը՝ bizzone.info