Այսօր՝ հունվարի 17-ին, Վրաստանում բոլոր դպրոցները ձմեռային արձակուրդներից հետո վերաբացվել են։ Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր դպրոցները բացվել են։ Ինչպիսին է հաճախելիությունն Ախալքալաքի դպրոցներում:
Մունիցիպալիտետի բոլոր դպրոցները դասերն անցկացրել են իրենց շենքերում։
Ախալքալաքի թիվ 1 (Թումանյանի անվան)դպրոցում բացակաները շատ էին։
«Երեւի առաջին օրն է, շատերը չեն եկել, բայց կարծում եմ, որ վաղվանից ամեն ինչ կկարգավորվի։ Չնայած աշակերտները քիչ էին, բայց մենք մինչև 7֊ րդ դասն անցկացրել ենք»,- ասաց թիվ 1 դպրոցի տնօրեն Ռուզաննա Տեփոյանը։
Թիվ 2 (ռուսական) դպրոցում, ըստ ուսուցչի, ներկա է եղել աշակերտների 85%-ը։
Թիվ 3 դպրոցը (վրացական) այսօրվանից սկսել է դասերն անցկացնել սեփական շենքում։ 2020 թվականի գարնանից դպրոցում վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում, և այսօր առաջին անգամ դասերը վերսկսվել են դպրոցի շենքում։
«Այսօր դպրոցում աշակերտները ոչ շատ էին, ոչ էլ քիչ, մենք գիտենք, որ նրանք հիվանդ են, մի քանիսն օնլայն ռեժիմով են, 200 աշակերտ ունենք, իսկ դպրոցում առավելագույնը 20 աշակերտ էր բացակա, մոտ 10 աշակերտ առցանց է սովորում»,- ասաց թիվ 3 դպրոցի տնօրեն Թամարա Օձելաշվիլին։
Վրացական դպրոցի մեկ ուսուցիչ հիվանդ էր կորոնավիրուսով և 20-ից արդեն աշխատանքի է գնալու։
Թիվ 4 (Դեմիրճյանի անվան) դպրոցում հաճախելիությունը միջին է եղել։ Ըստ ավագ ուսուցչուհի Գայանե Երեմյանի, 600 աշակերտից այսօր բացակայել են մոտ 200-ը։
Թիվ 5 (նախկին գիշերօթիկ) դպրոցում, տնօրեն Նազենի Մոսոյանի խոսքով, այսօր դպրոցում աշակերտների կեսից ավելին եղել է։
«Երևի մտածում էին, որ առաջին օրը ցուրտ կլինի, նրանց մեջ հիվանդներ էլ կան, բարձր դասարաններում քիչ էին բացակայողները, հիմնականում ցածր դասարանների աշակերտները դպրոց չէին եկել»,- ասաց Նազենի Մոսոյանը։
Ախալքալաքի կրթության ռեսուրս֊կենտրոնում դեռ տեղեկություն չունեն արձակուրդից հետո առաջին օրը գյուղի դպրոցներում աշակերտների հաճախելիության վերաբերյալ։