Մոսկվան օգնում է Անկարային և Երևանին ուղիղ երկխոսություն հաստատել, ակնկալում է, որ դա հաջող կլինի: Այսօր կայացած ասուլիսում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Փոխանցում է Panorama.am-ը:
«Այդ ջանքերին (հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար – խմբ.), իհարկե, մենք աջակցում ենք և ակտիվորեն մասնակցություն ունենք դրանցում։ Դրանք նպաստում են Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորմանը և օգնում են պայմանների ստեղծմանը, որպեսզի դեռևս մնացած քաղաքական խնդիրները լուծվեն շատ ավելի ակտիվ, ավելի արդյունավետ ճանապարհով, ներառյալ Հարավային Կովկասի երեք երկրների և նրանց երեք խոշոր հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև տնտեսական և այլ համագործակցության զարգացումը»,- ասել է Լավրովը:
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը օգնել է համաձայնության գալ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակման հարցում։
«Թուրքիան և Հայաստանը իսկապես նշանակել են իրենց հատուկ ներկայացուցիչներին [կարգավորման հարցերով]։ Ռուսաստանը օգնել է նման համաձայնության գալ, և մենք շատ ուրախ ենք, որ այսօր առաջին հանդիպումը տեղի է ունենում Մոսկվայում։ Մեր դերն է օգնել ուղիղ երկխոսության հաստատմանը, հուսով եմ, որ դա հաջող կլինի»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Հիշեցնենք, որ Մոսկվայում այսօր կայանում է Հայաստանի և Հայաստանի բանագնացների առաջին հանդիպումը: Սա երկու երկրների հարաբերությունների կարգավորման համատեքստում առաջին հանդիպումն է։ Հայաստանը բանակցություններում ներկայացնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն է ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Կիլիչը։