Ռուսաստան մուտք գործելիս օտարերկրյա քաղաքացիները ստիպված կլինեն «լոյալության պայմանագիր» կնքել երկրում գտնվելու կանոնների և աշխատանքային գործունեության իրականացման կանոնների համաձայն: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնեցին Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնում՝ ի պատասխան լրատվական գործակալության համապատասխան հարցման:
«Օրենսդրության մեջ «լոյալության պայմանագրի» ինստիտուտի ներդրումը նախատեսված է միգրացիայի բնագավառում նոր դաշնային օրենքի նախագծի հայեցակարգով: Այս գործիքը նախատեսված է օգտագործել որպես ադմինիստրատիվ ազդեցության միջոց, որով միգրանտներին կծանոթացնեն ՌԴ մուտք գործելու, բնակություն հաստատելու, աշխատանքային գործունեությանը ներգրավվելու սահմանված սահմանափակումների և արգելքների հետ, դրանց չպահպանման հետևանքների մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Կորոնավիրուսի «ընձեռած» հնարավորությունը. Խոպան Եվրոպայում
ՆԳՆ-ից բացատրել են, որ միգրանտը, ստորագրելով «լոյալության պայմանագիրը», հաստատում է իր տեղեկացվածությունը, այդ թվում` սահմանված կանոններին չհամապատասխանելու հետևանքների մասին, համաձայն է չվնասել Ռուսաստանին: Բացի այդ, պարտավորություն է առաջադրվելու վճարել այն ծախսերը, որոնք կապված են օտարերկրյա քաղաքացու հնարավոր արտաքսման հետ, եթե նա խախտում է պայմանագրի պայմանները:
«Օրենքի նախագծի համաձայն, լոյալության պայմանագրի ստորագրումը նախատեսվում է ստորագրել արտոնագրային հիմունքներով Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների կողմից, միևնույն ժամանակ Ռուսաստանի Դաշնություն մուտքի արտոնագիր ստանալու դիմում ներկայացնելիս, այդ թվում` էլեկտրոնային եղանակով»,-ավելացրել են գերատեսչությունից:
Օտարերկրյա քաղաքացիների կողմից համաձայնագիր կնքելուց հետո առանց մուտքի արտոնագրի Ռուսաստան ժամանման դեպքում օրենքի նախագիծը նախատեսում է մատնահետքերի պարտադիր գրանցում:
Աղբյուրը՝ Panorama.am