ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել ամերիկացի 3000 զինծառայողների Եվրոպա ուղարկելուն, որն իրականացվում է ռուս-ուկրաինական սահմանին առկա լարվածության ֆոնին։ Այդ մասին հայտնում են BBC-ին:
Միացյալ Նահանգները շուրջ 2000 զինծառայողների կուղարկեն Լեհաստան և Գերմանիա, իսկ մոտ 1000 զինծառայողների էլ՝ Ռումինիա։
Ամերիկացի զինծառայողների տեղափոխումը Եվրոպա բացատրվում է «ՆԱՏՕ-ի գործընկերներին աջակցությամբ, որն իրականացվում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ ռազմական սպառնալիքի ֆոնին»։
Նախորդ շաբաթ ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը հայտարարել էր, որ Պենտագոնը ԱՄՆ-ում և նրա սահմաններից դուրս մարտական պատրաստության վիճակի է բերել շուրջ 8,5 հազար զինծառայողների։ Ավելի վաղ, The New York Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Բայդենը դիտարկում է Բալթյան երկրներում և Արևելյան Եվրոպայում ամերիկյան զորքերի, ավիացիայի և նավատորմի տեղակայման հարցը։ Այդ պահին դիտարկվող տարբերակներից և ոչ մեկը չէր ենթադրում լրացուցիչ ուժերի տեղակայում հենց Ուկրաինայում։
Նախորդ տարվա աշնանից սկսած ԱՄՆ-ն, Ուկրաինան ու եվրոպական երկրները հայտարարում են ռուս-ուկրաինական սահմանին ռուսական զորքերի և տեխնիկայի տեղակայման մասին։ Politico պարբերականը գրել էր, որ արբանյակային պատկերներում երևում են ուկրաինական սահմանի մոտ ռուսական տանկերի, զրահատանկային այլ միջոցների, ինքնագնաց հրետանու և ցամաքային զորքերի կուտակումների մասին։ Կրեմլն այս լուրերը հերքում է՝ պնդելով, որ չի պատրաստվում հարձակվել Ուկրաինայի վրա։
Հունվարի կեսերին Conflict Intelligence Team-ը (CIT) հայտնել էր, որ ռուսական զորքերը գտնվում են Կիևի մարզից 90 կիլոմետր հեռավորության վրա՝ Բելառուսի տարածքում։ Կրեմլի պնդմամբ՝ ռուսական զորքերը Բելառուսում են համատեղ զորավարժություններին մասնակցելու համար։