Ինչպես արդեն հայտնել ենք Ախալքալաքի քաղաքապետարանում 11 թափուր աշխատանքային հաստիք կա: Քաղաքապետ Մելքոն Մակարյանի ցանկությունն է՝ այս հաստիքներով բացահայտել նոր դեմքերի և ամենակարևորը՝ լավ մասնագետների։

Մեզ հետ զրույցում Մակարյանը նշեց, որ արդեն դիմողներ կան, կայքում երևում է քանակ, սակայն հայտերի վերջնական թիվը պարզ կդառնա հայտերի ընդունման ավարտին։

Թափուր աշխատատեղեր Ախալքալաքի քաղաքապետարանում

Քաղաքապետի խնդրանք-պահանջն աշխատանքի հայտ ներկայացնողներին մեկն է՝ գործի ընդունվել աշխատելու, ոչ թե ժամանակ վատնելու համար։

«Այսօր մենք ունենք կադրային խնդիր և իմ մոտեցումը, կարծիքն ու ցանկությունն այն է, որ ուզում եմ, որ բացահայտվեն նոր դեմքեր, ընտրվեն այնպիսի մարդիկ, որոնք իրոք կոնկրետ մասնագետներ են, որոնց աշխատանքն անհրաժեշտ է մեր շրջանի զարգացման, ավելի հեշտ ու արդյունավետ աշխատանք իրականացնելու համար»:

Մելքոն Մակարյանը շեշտում է՝ կամ պետք է իրոք աշխատեն, կամ ընդհանրապես չեն աշխատի քաղաքապետաարանում։

«Այսօրվա դրությամբ շեշտը դրված է այն բանի վրա, որ կամ պետք է աշխատենք, կամ չպետք է աշխատենք: Այսինքն՝ քաղաքապետարանի ցանկացած աշխատող, հաստիքային աշխատող, եթե ինքը ուզում է աշխատել, անձամբ ես պատրաստ եմ ցանկացածի հետ աշխատել, եթե անձը թերանում է, կամ ծուլանում է իր գործի մեջ, կամ գալիս է միայն աշխատավարձի համար, ես այդպիսի մարդու հետ պատրաստ չեմ աշխատել, ու նմանատիպ մարդիկ չեն աշխատի մեր քաղաքապետարանում», – ասում է քաղաքապետը։

Նրա խոսքով, աշխատանքի կընտրվեն այն դիմորդները, ովքեր կգիտակցեն իրենց պարտականությունները։