Համաճարակաբանները զգուշացնում են Վրաստանում համաճարակային իրավիճակի վատթարացման մասին: Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում սպասվում է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի լուրջ աճ։
Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի տարածման վեցերորդ ալիքը։ Փորձագետներն սպասում են, որ օմիկրոնի նոր շտամի տարածման պիկը կգրանցվի հունվարի վերջին: Հոսպիտալային սեկտորը պատրաստվում է առավելագույն ծանրաբեռնվածությանը և հիվանդների մեծ հոսքն ընդունելուն։
«Գործնականում մենք հինգերորդ ալիքից արդեն անցել ենք վեցերորդին։ Ես վերջերս նշել էի, որ սա լինելու է շատ ծանր տվյալներով փոթորիկ։ Մոտ 1-2 շաբաթից մենք կստանանք այս արդյունքները։ Արձակուրդային օրերն էլ ավելի կարագացնեն վարակակիրների թվի աճը»,- հայտարարել է բժիշկ, առողջապահության փորձագետ Դևի Տաբիձեն։
Ալերգաբան-իմունաբան Բիձինա Կուլումբեգովը կարծում է, որ նոր շտամը նոր-նոր «թափ է հավաքում» և քաղաքացիներին կոչ է անում զգույշ լինել։
Վրաստանում արդեն իսկ լաբորատոր կերպով հայտնաբերվել է «օմիկրոնի» 600 դեպք, սակայն փորձագետները կարծում են, որ նման դեպքերը էլ ավելի շատ են։
«Օմիկրոն շտամը կարող է լույս դառնալ թունելի վերջում: Մենք հաճախ ենք նման գնահատականներ լսում Վրաստանում և միջազգային ԶԼՄ-ներում, սակայն չպետք է մոռանալ, որ մենք առայժմ այս թունելի մուտքի մոտ ենք կանգնած»,- գրել է Կուլումբեգովը ֆեյսբուքյան իր էջում։
Բացի այդ, Վրաստանը ակտիվորեն հետևում է կորոնավիրուսի վերջին շտամին՝ «դելտակրոն»-ին, «դելտա» և «օմիկրոն» տեսակների հիբրիդին, որը հայտնաբերվել է Կիպրոսում։ Մասնագետների համար դեռևս դժվար է կանխատեսումներ անել, թե արդյոք այն ընդունակ է ստվերի տակ առնել արդեն իսկ տարածված մուտացիաներին։ Վրաստանում կորոնավիրուսի նոր մուտացիա դեռ չի հայտնաբերվել։
Իմունացման գծով խորհրդատուների ազգային տեխնիկական խմբի ղեկավար, Իաշվիլիի անվան մանկական կենտրոնական հիվանդանոցի բժշկական տնօրեն, պրոֆեսոր Իվանե Չխաիձեն կարծում է, որ առնվազն երկու շաբաթ է պահանջվում, որպեսզի մասնագետները կարողանան տալ «դելտակրոնի» ճշգրիտ սահմանումը և հասկանալ, թե արդյո՞ք այն ավելի վարակիչ է, քան «օմիկրոնը»:
«Դեռ վաղ է խոսել այս մասին՝ հիմնվելով շատ սուղ տեղեկատվության վրա՝ 25 մարդու տվյալների վրա, միայն հիմնվելով այն բանի վրա, որ «դելտակրոնը» պարունակում է երկու տարբեր շտամեր», – հայտարարել է Չխաիձեն։