Վերջին 24 ժամում, Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների խախտման 814 դեպք է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության տեղեկատվությամբ՝ ոստիկանությունը վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն տուգանել է 103 ֆիզիկական անձի, որոնց մեջ կան քաղաքացիներ, որ խախտել են ժամը 21:00-05:00-ն սահմանված տեղաշարժի արգելքի կարգը: Դիմակ կրելու կարգի խախտման համար 24 ժամում տուգանվել է 711 անձ:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին պահպանել սահմանված կարգը, հակառակ պարագայում նրանց դեմ կօգտագործվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ:

Ընդհանուր առմամբ՝ նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 19-ը բացահայտվել է սահմանափակումների խախտման 17 472 դեպք:

Դիմակ կրելու կարգի խախտման համար անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ տուգանք 20 լարիի չափով: Ինքնամեկուսացման և կարանտինի կարգի խախտման համար ֆիզիկական անձը տուգանվում է 2000 լարիով, իրավաբանական անձը՝ 10 000 լարիով: