Տրդատ պապիկն ու վարպետ Ժորիկը սիրով են կոշկիկներ նորոգում: Վերջիններս իրենց գործով ու պատմություններով ապացուցում են, որ կարևորը նվիրումն ու սերն է: Նրանք դարձել են «Ախալքալաք, ով ես դու» շարքի հերոսները:

Տրդատ պապն Ախալքալաքում հայտնի է կոշկակար «Պապիկ» անվամբ: Պապիկը 13 տարեկան էր, երբ առաջին անգամ կոշիկ է վերանորգել, իսկ 14 տարեկանում արդեն սկսել է աշխատել և գումար վաստակել:
koshkakar

«70 տարի է ինչ էս գործն եմ անում: Մինչև 88 տարեկան դառնալս գործի մեջ էի: 89 տարեկան հասակում ոտքերս թուլացան, այլևս չկարողացա աշխատել: Աղջկաս սովորեցրեցի, այժմ իմ գործն ինքն է շարունակում»,- ասաց Տրդատ պապը:

Մեր այցելությունը Տրդատ պապիկի տուն, սովորականից տարբերվող էր: Բավականին երկար դուռը թակելուց հետո երբ չբացեցին, որոշեցինք հասկանալ ներսում մարդ կա թե ոչ, փորձեցինք առաջանալ, և առաջինը ում տեսանք Տրդհատ պապիկն էր նստած բազմոցին: Մեզ տեսնելով ներս հրավիրեց, առաջարկեց սուրճ խմել: Ներկայանալուց հետո, պապիկը խորհրդավոր քմծիծաղով և ինչ-որ տեղ նաև խիստ հպարտությամբ համաձայնեց մեզ հետ զրուցել:

«Էն գործը, որը ես էի անում ոչ մեկը չէր կարողանում: Այն ժամանակ մենակ ես էի քաղաքում կոշկակար, իսկ հիմա հալից ընկել եմ: Ես ունեցել եմ նաև աշակերտ, ով այսօր շատ լավ կոշիկ է կարում, նա կոշկակար Սամվելն է»,- պատմեց 89-ամյա կոշկակարը:
arhestanoc

Տրդատ Ղարագուլյանը ծնվել է 1927 թվականին, ամուսնանալով 1957–ին, ունեցել է 6 դուստր, որոնցից 56-ամյա Հասմիկը հոր գործի շարունակողն է: Պապիկի կարծիքով կոշկակարությունը աղջկա գործ չէ, բայց Հասմիկը սիրով է կոշիկներ նորոգում:

«Շաբաթական 1-3 զույգ կոշիկ եմ նորոգում, ձեռքի ծախսելու գումար աշխատում: Սիրով պիտի կարես, չսիրեցիր լավ չի ստացվի, լավ չես անի: Մենք միշտ էլ օգնել ենք հայրիկին, կոշիկները բերում էին, մեկս մեխն էինք քաշում, մյուսս սոսնձում: Վեց քույր ենք, բայց հիմա միայն ես եմ կոշիկ կարում, չնայած շատ դժվար է, բայց որ սիրում ես, կանես»,- ասաց կոշկակար Հասմիկը, ով այսօր սիրով է շարունակում հոր արհեստը:

Վարպետ Տրդատը երանությամբ է հիշում և պատմում իր Տուապսեյում աշխատած օրերը, թե ինչպես է մեկ զույգ կոշիկը 3 մանեթ ու կեսով նորոգել, և մեկ օրում մորավորապես 10 զույգ կոշիկ կարել: Պապիկի խոսքով իր գործի որակից այդքան տարիների ընթացքում ոչ ոք դժգոհ չի մնացել:

Կոշիկներ կարելու, նորոգելու համար անհրաժեշտ են տարբեր տեսակի գործիքներ և նյութեր, որոնք կոշկակար Պապիկը Թբիլիսիից, Երևանից և Գյումրիից է բերել:
arvestanoc2

Տրդատ պապիկը այսօր տարիքից ելնելով այնքան էլ շատ դեպքեր չի կարողանում մտաբերել իր աշխատած տարիներից, սակայն կա մի պատմություն, որը այժմ էլ հիշելիս լիաթոք ծիծաղում և մտովի վերադառնում է հին օրերը:

«Մի օր ինձ մոտ եկավ դիլիսկեցի Արզումանի կինը, ուզում էր կոշիկ պատվիրել և ոտքի չափը վերցնելու համար դռան վրա ոտքը դրեցի գծեցի, չափը վերցրեցի, իբր հումոր էինք անում»,- ժպտալով պատմեց Պապը:

Միաժամանակ ավելացնելով. «Թոռիս բերեցի, որ մոտս մնա սովորի, 4 օր մնաց, չկարողացավ թողեց-գնաց առևտրի, իսկ Սամվելը զոռով գալիս-նստում էր, ամբողջ տարին մնաց մինչև սովորեց»:

Վարպետ Տրդհատը խորհուրդ տվեց որպես լավ մասնագետի զրուցել կոշկակար Ժորիկ Կարոյանի հետ:

Ահա և վարպետ Ժորիկի արհեստանոցը: Արդեն մուտքից հնչող երաժշտությունից զգացվեց ներսում տիրող դրական մթնոլորտը: Արհեստանոցը չնայած փոքր էր, բայց շատ հարմարավետ, մաքուր և կոկիկ: Ժորիկը նախկինում զինվորական է եղել, սակայն այսօր կոշիկներ է վերանորոգում:

«20 տարի է զբաղվում եմ կոշկակարությամբ, կարելի է ասել այն գեներով է փոխանցվել: Հայրս էլ է սապոժնիկ եղել, չնայած բացի դրանից, որոշ բաներ էլ Ախալքալաքում հայտնի կոշկակար Պապից եմ սովորել»,- ասաց կոշկակարը:
koshkakar1

66-ամնյա Ժորիկ Կարոյանը իր արհեստի մասին խոսելիս կարևորում է աշխատանքը սիրելու կարողությունը:

«Գլխավորը արհեստը սիրելն է, ուզում է հավաքարար լինի, եթե սիրեց իր գործը, ուրեմն լավ կանի: Ամենակարևորը արհեստավորը չպետք է գործում կեղծ լինի, եթե մի բան անում ես պետք է դուրդ գա, եթե դու հավանեցիր հաճախորդն էլ կհավանի: Կարևոր է նաև հաճախորդի հետ լեզու գտնելը, այսպիսի մի խոսք կա «կլիենտ վսեգդա պռավ»»:
koshkakar2

Կոշկակարը ժպիտով ու սիրով է հիշում ծիծաղաշարժ պատմությունները:

«Մի անգամ չեմ հիշում, որ գյուղից մի ջահել տղա ցեխոտ կոշիկ էր բերել նորոգելու: Հատուկ քսուկ ունեի և կոշիկը նորոգելուց հետո քսեցի: Երբ եկավ կոշիկը տանելու վերցրեց այն, նայեց ու հետ տվեց ասելով՝ «սրանք իմ կոշիկները չեն»: Հարցրի ինչից ենթադրեցիր, որ մաքրել եմ դրա համար, ժպտաց վերցրեց կոշիկներն ու գնաց»:
Լիանա Պողոսյան