Այսօր Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում հանդիսավորությամբ վառվեցին տոնածառի լույսերը։
Տոնածառի և եկեղեցու զարդարված բակի լույսերի վառման արարողությանը ներկա էին Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, Նինոծմինդայի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը, քաղաքի ու գյուղերի բնակիչներ և, իհարկե, Ձմեռ պապիկը։
Տեր Նարեկն իր խոսքում նշեց, որ պետք է կարողանանք ժամանակը մեր կյանքում արժեվորել և շատ կարևոր է, որ տարվա փոփոխությունը արժեվորենք հենց Սուրբ ծննդյամբ:
«Անցած տարի գիտեք, որ չէինք զարդարել եկեղեցու բակը, բայց այս տարի որոշեցինք, որ զարդարենք և ժողովուրդն էլ առօրյա հոգսերից, Հայաստանի հետ կապված խնդիրներից մի փոքր կտրվի, մեր հոգիները հանգստություն ունենան, խաղաղության մեջ լինեն, որ անցնող տարիների պես շատ փորձություններ չլինի: Մենք որոշեցինք այսօր հանդիսավոր կերպով վառել մեր լույսերը ու անցնող տարին թողնենք անցյալում, և սկսենք արդեն ապագայի պլաները կազմել և ապրել այն գործերը շարունակելով, որը որ կիսատ ենք թողել անցնող տարում», – ասաց Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը։
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևորականը հիշեցնում է, որ հունվարի 5-ին երեկոյան կկատարվի ճրագալույցի, իսկ և 6-ին Սուրբ Ծննդյան Սուրբ և Անմահ պատարագ։
«Իմ խնդրանքն է մեր ժողովրդին, որ այդ օրերին լինեն եկեղեցում, մանուկ փրկչի օրհնությունը վայելեն և իրենց տներից ներս տանեն եկեղեցու օրհնանքը: Առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդի գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը, թող Աստված իր օրհնությունների մեջ պահի մեր հայրենի երկիրը, ամբողջ հայ ազգին և ողջ աշխարհին», – ավելացրեց Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը։