Գավառական Ախալքալաք քաղաքում քաղաքացուն երբեմն դժվար է տրվում իր կամքն արտահայտել ընտրությունների օրը։ Պատճառները շատ են՝ քաղաքական ուժերի և թեկնածուների սուղ թվաքանակը, ովքեր իսկապես պայքարում են տեղի ընտրողների ձայների համար, կարծրատիպն այն մադին, թե բյուջետային աշխատողներն ու նրանց հարազատներն ու ծանոթները «իրավունք չունեն» աջակցելու ընդդիմությանը և էլի շատ այլ բաներ։

Ախալքալաքում ամբողջ քաղաքականությունը բաժանվում է «սևի» և «սպիտակի»։ Սպիտակը իշխող կուսակցությունն է հանդիսանում, սևը՝ ընդդիմությունը։ Շարքային Ախալքալաքի բնակչի համար ընդդիմության հետ կապ հաստատելը հաճախ նշանակում է շրջանում կյանքի հետ կապված ցանկացած հեռանկարի կորուստ, իսկ պետական ​​հատվածի աշխատողների համար դա կարող է նշանակել նույնիսկ աշխատանքի կորուստ:

Ընտանիքի բազմաթիվ անդամներից, պետական ​​հատվածի աշխատողներից կարելի է լսել «ինչպե՞ս գնանք ընդդիմությանն ընդառաջ, չէ՞ որ մենք բյուջեից են փող ստանում, ինչպես կարելի է այդպես» արտահայտությունը։ Այս կարծրատիպը զգալիորեն տարածված է Ախալքալաքի բնակչության շրջանում։

Ուղղորդվելով այս սկզբունքով՝ Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավորների շատ թեկնածուներ 2021 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած Վրաստանի վերջին ՏԻՄ ընտրություններում հանել են իրենց թեկնածությունն ընտրություններից։ «Գիորգի Գախարիա. Հանուն Վրաստանի» կուսակցությունից իրենց թեկնածությունն ի սկզբանե առաջադրածներից 3-ը հրաժարվել են իրենց թեկնածությունից։ «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից իրենց թեկնածությունից հրաժարվել են 5 հոգի, իսկ «ՄԱՇ» կուսակցությունից՝ 5։

Ինչպես այս իրավիճակը մեկնաբանում է Ախալքալաքում «Եվրոպական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Կարապետյանը, պատճառը տեղի բնակչության հոգեբանության մեջ է, որը իշխանությունները սերմանում են բնակչության շրջանում։

«Սա իշխանությունների մեղքն է, և ոչ միայն «Վրացական երազանք»-ի, եկեք անկեղծ լինենք, ՄԱՇ-ի ժամանակ էլ էր այդպես։ Ցավոք, մեր բնակչության գլուխն են լցրել, որ եթե դու ընդդիմություն ես, ապա դու դեմ չես գնում կոնկրետ անհատի կամ կուսակցության, այլ դեմ ես գնում պետությանը։ Բայց դա այդպես չէ, վերցնենք իմ օրինակը։ Ես ընդդիմության ներկայացուցիչ եմ, բայց կինս դասավանդում է դպրոցում։ Ահա, Նելսոն Ալեքսանյանն էլ է ընդդիմադիր, բայց կինն ուսուցչուհի է, որդին քաղաքապետարանում էր աշխատում, իր ընտրությամբ է հեռացել, դա ազնիվ է»,- մեկնաբանում է Արսեն Կարապետյանը։

Նա նշում է, որ այս առումով շատ դժվար է ազդել տեղի բնակչության մտածելակերպի վրա, քանի որ այն ձևավորվում է տարիների ընթացքում։

«Մարդիկ պետք է հասկանան, որ իրենք իրենց իշխանության պատանդը չեն: Նրանք արդեն ունեն «Ստոկհոլմյան համախտանիշ», երբ պատանդն ավելի շատ հարգում է ահաբեկչին, քան ազատագրողին: Ի՞նչ ասեմ, սա վիրաբուժ հերձադանակով չի կարելի բուժել։ Վախը կամ կա, կամ՝ ոչ։ Մոտ 22 տարի ամեն քաղաքական իշխանություն նույն բանն էր անում, մեր ժողովրդին հասցրեցին քաղաքական դեգրադացիայի»,- հավելում է Կարապետյանը։

Քաղաքական փորձագետ, Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին կարծում է, որ այն, որ ազգային փոքրամասնությունները ավելի հաճախ իրենց քվեն տալիս են իշխող ուժի օգտին, կարծրատիպ չէ, այլ իրականություն։ Նրա խոսքով, չնայած այն հանգամանքին, որ այս երեւույթն աստիճանաբար հանգուցալուծվում է, այնուամենայնիվ, այն բավականին տարածված է եւ բացատրվում է հետեւյալ պատճառներով.

«Նրանք դեռ լիովին ինտեգրված չեն վրացական հասարակության մեջ, նրանք իրենց մարմնով չեն զգում պետությունը, չեն զգում, որ պետությունն իրենց կողմն է, հետևաբար, դժվարություններից, լարվածությունից, պետության հետ առճակատումից ինչ-որ կերպ խուսափելու համար, կարծում են՝ «ես կքվեարկեմ իշխանության օգտին և հանգիստ կլինեմ»: Այսինքն՝ ինչ-որ պարտք են տալիս, որ հանգիստ ապրեն։ Մարդիկ կարծում են, որ ես տնտեսություն ունեմ, ինչ-որ բիզնես, չեմ ուզում ընկնել ինչ-որ մեկի թիրախի տակ։ Այդ իսկ պատճառով, կգա ինչ-որ պաշտոնյա կամ ուժային, ես կասեմ, որ ես քվեարկել եմ իշխանության օգտին, և նա հետ կմնա ինձանից: Սա մոտեցում է, որը լիովին հակասում է ժողովրդավարական պետությանը»,- ասում է Զաքարեիշվիլին։

Նրա խոսքով, իրավիճակը Քվեմո Քարթլիում և Սամցխե-Ջավախքում տարբերվում է։ Էթնիկ ադրբեջանցի Վրաստանի քաղաքացիները, հակված են քվեարկելու ավելի բազմազան կերպով, ինչը բացատրվում է Թբիլիսիին նրանց տարածքային առումով մոտիկ լինելով, մինչդեռ ջավախահայերն ապրում են կենտրոնից բավականին հեռու և որոշակի «մեկուսացում» են զգում։

«Ջավախքի հայերը բավականին հեռու են ապրում և պետք է հատուկ գնան Թբիլիսի, որպեսզի զգան մայրաքաղաքի շունչը։ Օրինակ՝ թբիլիսահայերը չեն տարբերվում թբիլիսցիներից, նրանք բոլորովին բազմազան կերպով են իրենց ընտրությունը կատարում, ինչպես և ամբողջ Թբիլիսին։ Սա ցույց է տալիս շրջանային մեկուսացումը, որը պետք է վերացնել»:

Միևնույն ժամանակ, Քվեմո-Քարթլիի ադրբեջանցիներին բնորոշում է ոչ միայն ուղղակի քվեարկել ընդդիմության օգտին, այլ կոնկրետ «Միասնական ազգային շարժման» օգտին, որն իր իշխանավարման օրոք կարողացավ բավարար հեղինակություն ձեռք բերել այս շրջանում։

Նշենք, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում, երբ իշխում էր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, ձայներն ըստ շրջանների բաշխվել են հետևյալ կերպ. Սամցխե-Ջավախքում «Վրացական երազանքը» ստացել է 29,44 տոկոս, իսկ «ՄԱՇ»-ը՝ 67,03 տոկոս։ Քվեմո-Քարթլիում 38,72 տոկոսը բաժին է ընկել «Վրացական երազանքին», 57,05 տոկոսը՝ «ՄԱՇ»-ին։ Այսպիսով, չնայած էթնիկ ադրբեջանցիների ներկայացուցիչների համակրանքին ՄԱՇ-ի նկատմամբ, այն այս շրջանում ավելի քիչ ձայներ էր ստացել, քան Սամցխե-Ջավախքում:

«Դեռ «Ազգային շարժման» ժամանակ շատ սերտ կապեր կային Ադրբեջանի հետ։ Ինչ-որ կերպ ցույց տրվեց, որ Ադրբեջանը, այսպես ասած, էթնիկ ադրբեջանցիներին հայտնեց, որ վերջիններս պետք է «ընկերանան» ՄԱՇ-ի հետ»։

Միևնույն ժամանակ, փորձագետը նշում է, որ «պատմական հայրենիքի» գործոնը դեռևս օգտագործվում է վրացի քաղաքական գործիչների կողմից՝ որպես Վրաստանի ազգային փոքրամասնությունների վրա ճնշում գործադրելու լծակ, այսինքն՝ այս կամ այն ​​կողմի հարաբերությունները Հայաստանի կամ Ադրբեջանի հետ որոշում են, թե ում կտան իրենց քվեն էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները:

«Եթե մենք ուզում ենք ձայներ ստանալ մեր քաղաքացիներից՝ էթնիկ հայերից կամ ադրբեջանցիներից, պետք է տեղեկացնենք, որ մենք լավ հարաբերություններ ունենք Հայաստանի կամ Ադրբեջանի հետ։ Սա բացարձակապես սխալ մոտեցում է, մենք ստիպում ենք նրանց կենտրոնանալ Հայաստանի և Ադրբեջանի վրա, փոխարենը՝ նրանք պետք է հաղորդումներ ստանան Թբիլիսիից»։

Ինչպես նշում է Զաքարեիշվիլին, ահաբեկումները, որոնք ակտիվանում են շրջաններում ընտրություններին ընդառաջ, եզակի երեւույթ չէ էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջանների համար, այլ ավելի շուտ համատարած վրացական երեւույթ։ Սակայն, ելնելով հատուկ իրավիճակից, ազգային փոքրամասնություններն այն այլ կերպ են ընկալում։

«Չէի ասի, որ Ջավախքում ուժայիններն ավելի շատ են ոլորում մարդկանց ձեռքերը, քան Ռաճայում և Իմերեթում, ցավոք, հատուկ ծառայությունները իրենց շատ վատ են պահում, բայց ազգային փոքրամասնությունների դեմ հատուկ ծրագիր չունեն, բոլոր քաղաքացիներն են նրանց թիրախը։ Բայց ազգային փոքրամասնությունները դա այլ կերպ են ընկալում: Դա հասկանալի է, որ այսպես պետք է լիներ: Եթե վրացին մտածի, թե որքան տգեղ է իմ պետությունը, ապա հայը կմտածի, որ սա իմ պետությունը չէ»:

Բացի այն, որ ընդհանուր առմամբ ազգային փոքրամասնությունները հակված են քվեարկել իշխող կուսակցության օգտին, այս պահվածքը բնորոշ է նաև պետական ​​պաշտոնյաներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին։ Զաքարեիշվիլիի խոսքով, դա պայմանավորված է նրանով, որ պետական ​​պաշտոնյաները համոզված են, որ եթե կառավարությունը փոխվի, իրենք կզրկվեն աշխատանքից։ Եվ հաճախ, դա այդպես էլ լինում է:

«Հետևաբար, նրանք միաձայն քվեարկում են իշխանության օգտին, որպեսզի պահպանեն իրենց աշխատանքը, իսկ նրանց հարազատները քվեարկում են իշխանության օգտին, որպեսզի իրենց բարեկամը պահպանի իր աշխատանքը։ Սա միայն կարծրատիպ չէ, դա գործում է։ Կամ լինում է այնպես, որ իրենց կյանքի որոշակի տնտեսական պայմանները պահպանելու համար մարդիկ անմիջապես կերպարանափոխվում են, հենց իշխանությունը փոխվում է՝ նրանք անմիջապես անցնում են նրանց կողմը: Վերջիններիս համար կարևոր չէ, թե որ կուսակցությունն է վերահսկում իրավիճակը»:

Ժողովրդավարական ուղին, որն ընտրել է Վրաստանն իր զարգացման համար, հաճախ հանդիպում է խոչընդոտների, որոնք ստեղծվել են տարիների ընթացքում՝ իշխանությունն իր ձեռքում պահելու համար: Իշխանությունները փոխվում են, բայց իշխանությունը պահպանելու հիմնական լծակները մնում են նույնը, իսկ նման լծակները հաճախ խոչընդոտում են երկրի մշտական ​​և կայուն զարգացմանը։

Ամալիա Բաբայան