«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հետ միասին, շարունակում է իրականացնել «Աջակցություն Ջավախքի ժողովրդին» ծրագիրը։ Այս ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 21-ին, 22-ին, 23-ին Հիմնադրամի Ախալքալաքի գրասենյակում կբաժանվի ֆրանսիական բարձրորակ հագուստ։

«Աջակցություն Ջավախքի ժողովրդին» ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի հունվարից։

Ծրագրից կարող են օգտվել.

սոցիալապես անապահով մարդիկ
սահմանաակ կարողություններ ունեցող անձինք
ծնողազուրկ երեխաները

Ախալքալաքի բոլոր բնակիչներին, ովքեր ունեն վերը նշված կարգավիճակներից որևէ մեկը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ներկայացուցիչները խնդրում են դեկտեմբերի 21-23-ը՝ ժամը 11:00-16:00-ը, ներկայանալ Ախալքալաքի գրասենյակ (Ծերեթելիի փող. 34, մարզադաշտի մոտ): Անհրաժեշտ է ներկայացնել սոցիալական կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և ստանալ համապատասխան օգնությունը։

Սոցիալապես անապահով անձի համար նախատեսված է նվերի մեկ փաթեթ։ Երեք երեխա ունեցող բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքի համար՝ երկու փաթեթ, իսկ 5 երեխայի դեպքում՝ երեք փաթեթ։

Բացառության կարգով և խրախուսանքի նպատակով, Հիմնադրամի ներկայացուցիչները հագուստ են բաժանում նաև «ԱրՄաթ» լաբորատորիաների սաներին և առանձնացող երիտասարդ մարզիկներին։

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ծրագրի շրջանակներում հիմնադրամի աշխատակիցներն այցելել են Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցիխեի, Ասպինձայի և Ծալկայի ավելի քան 100 գյուղ։ Ախալքալաքում, Նինոծմինդայում և Ասպինձայում ընդգրկվել են բացառապես բոլոր գյուղերը, թե՛ հայկական, թե՛ վրացական, իսկ Ախալցիխեում և Ծալկայում միայն հայկական գյուղերը, բաճկոնների սահմանափակ քանակության պատճառով։

Նինոծմինդա քաղաքում հագուստը բաժանել են դեկտեմբերի 15-ին և 16-ին, սակայն ոչ բոլորն են եկել իրենց նվերի ետևից։ Ուստի հիմնադրամի ներկայացուցիչները հորդորում են բոլոր նրանց, ովքեր ունեն համապատասխան սոցիալական կարգավիճակ, դիմեն Նինոծմինդայի «ԱրՄաթ» լաբորատորիա, որը տեղակայված է «Ռաֆայել Ջավախ» կրթա-մշակութային կենտրոնում։ Մի քանի օրվա ընթացքում նրանք կարող են գրանցվել այնտեղ և հաջորդ շաբաթ իրենց հասանելիք հագուստը կտրամադրվի նրանց։

Նինոծմինդայի համար նախատեսվել էր շուրջ 600 նվերների փաթեթ, իսկ Ախալքալաքի համար՝ մոտ 1200։

Կազմակերպիչները վստահեցնում են, որ այս աջակցությունը կհասնի Ջավախքի ցանկացած գյուղ, որտեղ ծրագրի շահառու կդառնա բնակչության մոտ 20%-ը։