Ախալքալաքում ամանորյա միջոցառումները կսահմանափակվեն համերգով և տոնավաճառով, որոնք կանցկացվեն դեկտեմբերի 27-ին։ Այս միջոցառումները կազմակերպում է քաղաքապետարանը` կառավարության հետ համատեղ, տեղական այլ միջոցառումներ նախատեսված չեն։ Դեռ հայտնի չէ, թե ով և ինչպես է զարդարելու քաղաքը ամանորյա տոներին, առաջին մրցույթ տենդերում հաղթողը որակազրկվել է, երկրորդ տենդերը չի կայացել մասնակիցների բացակայության պատճառով։ Երրորդ տենդերն անցկացնելու համար ժամանակ արդեն չկա, իսկ ուղիղ պայմանագրի կազմումը դեռ պետք է թույլատրեն։
«Դեկտեմբերի 27-ին կառավարության կողմից քաղաքապետարանի հետ համատեղ միջոցառում կլինի՝ համերգ, տոնավաճառ, համերգի ժամանակ, ինչպես միշտ, ծրագիր կլինի, երեխաներին նվերներ կբաժանեն: Մեզ կորոնավիրուսի կանոնակարգերի պատճառով խորհուրդ տվեցին տեղական միջոցառումներ չանցկացնել, բայց հետո կառավարությունից կանչեցին մեր աշխատողներին և ասացին, որ պետք է ինչ-որ բան անցկացնեն։ Ամեն շրջանում նման մի բան կազմակերպվում է»,- մեկնաբանեց Ախալքալաքի քաղաքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովը:
Նշենք, որ Ախալքալաքում ամանորյա զարդարանքի հարցը դեռ լուծված չէ։ Ախալքալաք քաղաքում ամանորյա զարդարանքների տեղադրման տենդերը հայտարարվել էր նոյեմբերի 18-ին՝ 40 հազար լարիի չափով։ Նույն գումարով այն շահել էր Լաշա Կվարացխելիան, սակայն ավելի ուշ վերջինս որակազրկվել էր փաստաթղթերի ոչ ճիշտ կազման պատճառով։ Դեկտեմբերի 3-ին կրկին նույն գումարով տենդեր էր հայտարարվել։ Մասնակցության հայտերի ուղարկման վերջնաժամկետը դեկտեմբերի 11-ն էր, սակայն մասնակիցների բացակայության պատճառով տենդերը չի կայացել։
Վալերի Ստելմաշովի խոսքով, ամենայն հավանականությամբ, դեկորացիաների տեղադրման համար նոր տենդեր չեն հայտարարի, քանզի ժամանակ չի մնում։
«Առաջին անգամ հաղթողը որակազրկվել էր ոչ ճիշտ փաստաթղթերի պատճառով, երկրորդ անգամ տենդեր չէր կայացել մասնակիցների բացակայության պատճառով։ Տեսնենք, եթե հիմա տենդեր հայտարարենք, մինչև Նոր տարի չենք հասցնի զարդարել քաղաքը, ուստի Թբիլիսիից թույլտվություն կխնդրենք ուղիղ պայմանագրի համար»,- մեկնաբանեց Ստելմաշովը։
Ախալքալաքում ամանորյա տոնավաճառ կկազմակերպվի
Քրիստինե Մարաբյան