ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին գրում է Wall Street Journal-ն ԱՄՆ պաշտոնատար անձանց վրա հղումով։
Ըստ պարբերականի աղբյուրների, Բայդենը կարող է դա անել ապրիլի 24-ին, երբ ամբողջ աշխարհում նշում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Պարբերականի աղբյուրները, սակայն, նշում են նաև, որ վերջնական որոշում դեռևս կայացված չէ, և Բայդենը կարող է սահմանափակվել հայտարարությամբ, որտեղ չի հնչի ցեղասպանություն բառը։
Թերթը նշում է նաև, որ Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումը կարող է զգալիորեն վատթարացնել Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունները։
Իր հերթին The New York Times-ը նշել է` եթե Բայդենը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա ազդակ կլինի, որ ԱՄՆ հավատարմությունը մարդու իրավունքներին գերակշռում է Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման ռիսկը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել է, որ Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները կարող են լրջորեն տուժել, եթե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։
2019-ի դեկտեմբերին ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ 2019-ի հոկտեմբերին բանաձև էր ընդունել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը։