Ամեն տարի ոռոգման սեզոնին և ձմռան շրջանում շատ բնակիչների համար ջրամատակարարումը խնդիր է դառնում։ Ձմեռային սառնամանիքների ընթացքում ոմանք չեն կարողանում միացնել ջեռուցման համակարգը՝ ջրի ճնշման պակասի պատճառով։
Եթե ոռոգման սեզոնին ինչ-որ կերպ հնարավոր է հասկանալ ճնշման նվազումը, ընդունել ու համակերպվել այն մտքին, որ կարտոֆիլի բերքահավաքը գոյատևման խնդիր է, ապա ձմռանը ջրի ճնշման նվազումը դժվար է արդարացնել։
Ձմռան շրջանում տանը ջուրը ոչ միայն հիգիենան ու հարմարավետությունն է՝ լվացքի մեքենաների տեսքով, այլև ջեռուցումը, քանի որ առանց ջրի ճնշման ջեռուցման համակարգերը չեն աշխատում։ Ամենից շատ այս խնդիրը վերաբերում է Ախալքալաքի բազմահարկ շենքերին, ինչպես նաև շատ գյուղերի բնակիչներին, որոնք ապրում են գյուղի համեմատաբար բարձր հատվածում։ Խոսպիո գյուղի բնակչության մի մասին նույնպես մտահոգում է այս խնդիրը:
Դպրոցի հարակից տարածքում հավաքված բնակիչները վստահեցնում են, որ գյուղում ջրի խնդիր չունեն, սակայն խոստովանում են, որ որպեսզի ցրտահարությունից խողովակները չպայթեն, նրանք բակերում թողնում են, որ ջուրն անընդհատ հոսի։
«Ի՞նչ անենք, հո չենք կարող թողնել, որ բակերում խողովակները սառչեն ու պայթեն»,- միաձայն ասում են նրանք։
Սակայն նրանք հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ գյուղի մյուս բնակիչները դրա պատճառով ջուր չունեն, որպեսզի գոնե ջեռուցման համակարգով տունը ջեռուցեն։
Խոսպիոյի բնակիչ Գյուլին կարծում է, որ ջրի հետ կապված իրավիճակը ինչ-որ տեղ հասկանալի է, բայց ոչ ձմռանը, երբ Ախալքալաքում -15, -20 սառնամանիքներ են լինում, և գազով ջեռուցման անհրաժեշտություն կա, իսկ ջեռուցման համակարգերի շահագործման համար միայն գազը բավարար չէ։
«Ջուրը շատ բարակ շիթով է հոսում: Աշնանը հողամասերը ոռոգում են, ինչ-որ տեղ դա կարելի է հասկանալ, իսկ ձմռանը ի՞նչ են ոռոգում՝ ձյո՞ւնը, բակերում բոլոր ծորակները բաց են, իսկ նրանք, ովքեր մի քիչ բարձր են ապրում, վերջ, ջուր չկա, հնարավոր չէ ո՛չ լվացքի մեքենան միացնել, ո՛չ բաքսին: Չէ՞ որ ձմեռ է, ինչպե՞ս կարելի է այդպես: Մենք էլ բակում ծորակ ունենք, բայց ամուսինս այն վաղուց փակել է»,- պատմում է Գյուլին՝ ցույց տալով ծորակը:
Նույն իրավիճակն է նաեւ Խոսպիո գյուղից Խվիչա Խուցիշվիլիի եւ Սուլիկո Մացուկատովի տանը։
Մեկ այլ խնդիր է հանդիսանում նաև այն, որ տեխնիկան, այս բոլոր այս ճնշման անկումներից հետո, կարող է շարքից դուրս գալ:
Ջրամատակարարող ընկերության տնօրենի խոսքով՝ այս հարցը կարող են լուծել միայն իրենք՝ բնակիչները։
«Այս պահին չկա ոչ մի կարգավորում: Ելքը մեկն է՝ տեղադրել ջրաչափեր, քանի որ երբ սառնամանիքները սկսվում են, մարդիկ ջուրը բակերում բացում են, որ չսառչի, և ճնշում չի բավարարում, որ ջուրը հասնի բարձրադիր վայրեր: Այս խնդիրը ամեն տարի նույն ձևով առկա է, և շարունակում է խնդիր մնալ: Նախագծված առանձին գծեր կան, բայց հաջորդ տարվա համար: Այս պահին հարցը չի կարող լուծվել: Ուղղակի բնակչությունը պետք է հասկանա, որ ջուրը պետք է ավելի քիչ միացնել, որպեսզի խողովակը ճնշումը պահի, որպեսզի մյուսներն էլ ջուր ունենան»,- ասում է Վրաստանի Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Գիորգի Վախթանգիշվիլին։
Մինչդեռ Ախալքալաքի և հարակից գյուղերի շատ բնակիչների համար նման վիճակը տիրում է տարվա մեծ մասը։ Սկզբում սպասում են ոռոգման սեզոնի ավարտին, իսկ հետո՝ սառնամանիքների:
Քրիստինե Մարաբյան