Ախալքալաքից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, ով խորհրդարան է մտել «Վրացական երազանք» կուսակցական մեծամասնական ընտրակարգով, երեկ դեմ է քվեարկել 2020 թվականին համամասնական ընտրակարգին անցնելու մասին սահմանադրական փոփոխությունների օրինագծի քվեարկության ժամանակ: Պատգամավորը բացատրում է. «Ես առաջին հերթին ժողովրդի կամքն եմ կատարել»:

«Վրացական երազանք»-ից երեք պատգամավորներ՝ Հենզել Մկոյանը, Կախա Օքրիաշվիլին և Դիմիտրի Խունդաձեն դեմ քվեարկեցին համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագծին:

Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանից ընտրված մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը ընտրական փոփոխությունների օրինագծին դեմ է քվեարկել, բացատրելով, որ կատարել է ժողովրդի կամքը: Ինչպես նաև հինգ անգամ ընտրված լինելով որպես մեծամասնական պատգամավոր չէր կարող կողմ քվեարկել համամասնական կարգին:

«Առաջինը, ես վերջերս Նինոծմինդայում և Ախալքալաքում 100 գյուղում եմ եղել, ինձ հետ են եղել, իհարկե ոչ բոլոր գյուղերում, մեծամասնական պատգամավորներ Սիմոն Նոզաձեն, Դիմիտրի Խունդաձեն, Կախա Օքրիաշվիլին, իրենք էլ են լսել, մեր գյուղերի մեծամասնությունը միշտ այդ հարցը դրել է, որ մենք չենք ուզում համամասնական ընտրակարգին անցնել: Որովհետև, եթե ժողովուրդը խնդիր է ունենում, ապա դժվարությամբ է հասնում Թիֆլիս: Համամասնականի դեպքում, ում մոտ պիտի գնա ժողովուրդը, կամ խորհրդարանի նախագահի կամ փոխնախագահի: Դուք լավ գիտեք, որ վաչիանցու կամ սուլդացու համար դա շատ դժվար կամ անհնարին բան է: Ժողովուրդն ասում է, որ մեզ մարդ է պետք, ում ձայն տանք ու հետո նրանից պահանջենք, դրա համար ես առաջին հերթին ժողովրդի կամքն եմ կատարել:

Երկրորդ. Ես 5 անգամ մաժորիտար եմ ընտրվել նույն տարածաշրջանից: Ես իրավունք չունեի համամասնական ընտրակարգին կողմ քվեարկելու:

Երրորդ. Ես լավ հիշում եմ 1993 թվականներին, երբ Վրաստանի խորհրդարանում 17 կուսակցության ներկայացուցիչ կար, ոչ նիստ կարող էին սկսել, ոչ նիստ փակել, ոչ քվեարկել, ոչ բյուջե ընդունել: Ամենը մի բան գոռում էր, դրա համար այդ խորհրդարանի կյանքը կարճ տևեց: Իմ կարծիքով, նույն բանը կլինի հիմա, եթե համամասնական ընտրակարգն ընդունվի, դրա համար ես դեմ եմ քվեարկել»,- Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց Վրաստանի խորհրդարանում հայազգի պատգամավոր Հենզել Մկոյանը:

Հարկ է նշել, որ իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը դեռ ամռանն էր համաձայնություն տվել խառը ընտրակարգից համամասնականի անցնելուն՝ Թբիլիսիի կենտրոնում ցույցի դուրս եկած երիտասարդության և ընդդիմության ճնշման տակ: Այն ժամանակ կողմ էր արտահայտվել իշխող կուսակցության 93 անդամ, սակայն այժմ պարզվում է, որ մեծամասնականով ընտրվածներից շատերը դեմ են դրան: Չնայած այն հանգամանքին, որ ընդդիմությունը կողմ է քվեարկել ընտրական փոփոխություններին, ընդհանուր առմամբ հաջողվել է ստանալ միայն 101 կողմ քվե, անհրաժեշտ 113-ի փոխարեն: