Նոր տարվա զարդարանքի համար այսօր փակել են Ախալքալաքի կենտրոնական՝ Մաշտոցի հրապարակը: Քաղաքի գլխավոր տոնածառը տեղադրվելու է հրապարակի կենտրոնում, և այդ պատճառով հրապարակը փակվելու է ավտոմեքենաների երթևեկության համար մինչև հունվարի 15-ը, այսինքն՝ նախքան տոնածառի ապամոնտաժումը:
Այսօր առավոտից, Ջավախիշվիլի-Ազատություն փողոցների խաչմերուկում՝ Մաշտոցի հրապարակի ուղղությամբ, ինչպես նաև հենց հրապարակում, հայտնվել են ոստիկանական ցանկապատեր: Ցանկապատներից ներս սկսվել է քաղաքի կենտրոնը զարդարելու, ինչպես նաև գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանի, տարածքը փակ կլինի ավտոմեքենաների երթևեկության համար մինչև 2020 թվականի հունվարի 15-ը ներառյալ:
Քաղաքի ամանորյա ձևավորմամբ զբաղվում է «Գեոպրոֆ» ՍՊԸ-ն, որը շահել է այս աշխատանքների իրականացման տենդերը: Jnews-ի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչ Գուրամ Գիգիլաշվիլին ասաց, որ քաղաքի զարդարման աշխատանքները կսկսվեն դեկտեմբերի 20-ից, իսկ տոնածառի ապամոնտաժումը կիրականացվի 2020 թվականի հունվարի 15-ին:
Մեքենաների երթևեկի համար բաց է Ազատություն-Չարենց փողոցների խաչմերուկը: