Ախալքալաքի շրջանի Մեծ Խորենիա գյուղում կրկին երթևեկում են ավազով բեռնված բեռնատարները, վտանգելով գյուղամիջյան ճանապարհը: Այստեղ, ինչպես միշտ չկա խմելու ջուր, ավելացել է նաև թափառող շների խնդիրը:

Մեծ Խորենիայի բնակիչները միահամուռ բողոքում էին բեռնատարների երթևեկությունից, որոնք Թորիա գյուղի ավազահանքից ավազ են դուրս բերում Խորենիայի միջով: Վարչական տուգանքից հետո, որը գյուղի մի քանի բնակիչ ստացել էին վարչական իրավախախտումների համար, բեռնատարների երթևեկությանը խոչընդոտելու պատճառով, մարդիկ վախենում են դժգոհություն արտահայտեն: Մեր նախկին նյութերի համաձայն, սեպտեմբերին լրանալու էր Հարություն Խաչատրյանի ավազահանքի վարձակալության ժամկետը: Սակայն մենք ինքներս վկա եղանք, ինչպես մի ժամվա ընթացքում գյուղի միջով անցան 3 բեռնատար:

«Բեռնատարների գյուղով երթևեկելու հարցը մեզ արդեն համբերությունից հանել է։ Ճանապարհը արդեն քանդվել է, հերթը կամուրջինն է, բայց մենք չենք հանձնվելու ու այս հարցը բարձրաձայնելու ենք նաև Թբիլիսիում։ Բերքը ներս լցնելուց հետո կենտրոնանալու ենք այս խնդրին»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղի բնակիչ Արտավազդ Կիրակոսյանը։

Մեր կարճատև այցելության ժամանակահատվածում մինչ մաքրվում էր բեռնատարի հետևից առաջացած փոշին, որը ծածկում էր տեսադաշտը, հաջորդում էր մյուս մեքենան և այդպես 30 րոպե։

Տեղական իշխանության ներկայացուցիչ՝ Վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը մեր հարցին պատասխանեց, որ շահագործման իրավունքը Խաչատրյանին Վարչության կողմից չի տրված, և այդ իսկ պատճառով, ասել, թե երբ է վերջանում վարձակալության ժամկետը Աղասարյանը չի կարող: Իսկ թե ինչպե՞ս է լուծվելու Մեծ Խորենիայի այս խնդիրը, այդ պատասխանը ևս չստացանք:
«Մենք ասել ենք, որ կա այլընտրանքային ճանապարհ, որ այդտեղով երթևեկեն, սակայն այդ ճանապարհը վտանգավոր է, չեն կարողանում օգտվել դրանով: Իսկ թե գյուղի միջով են անցնում, ապա այնտեղ կան ճանապարհային նշաններ, թե որտեղ ինչ ծանրության կարելի է բեռ անցկացնել, դա արդեն երևի պետք է ճանապարհային ոստիկանությունը հսկի, որ չխախտեն», – ասաց Էդուարդ Աղասարյանը:

Սակայն «ոստիկանություն» բառը Մեծ Խորենիայի բնակիչների մոտ առաջացնում է միայն վախ ու անվստահություն և նրանք չեն ցանկանում, որ ոստիկանությունը նորից զբաղվի այդ հարցով, համարելով, որ միևնույնն է մեղավոր են դուրս գալու իրենք՝ բնակիչները, ովքեր պահանջում են չբարդացնել նրանց առանց այն էլ բարդ կյանքը:

Գյուղում բնակիչները չունեն խմելու ջուր և փոխարենը ունեն շատ ու շատ խնդիրներ, որոնք անլուծելի են համարվում՝ ունեն քանդված ճանապարհ, փլուզման վտանգի տակ գտնվող կամուրջ։
«Հիմա բեռնատարները կանգնեցնենք մեզ կմեղադրեն, մենք էլ ավելորդ քաշքշուկից հեռու մնալու համար ձայն չենք հանում, առավելևս, որ մեզ հաշվի չեն առնելու։ Տեղական իշխանությանը դիմել ենք, Ախալցիխե՝ նահանգապետարան դիմել ենք, բայց անարդյունք»,- ասաց Արտավազդ Կիրակոսյանը։

Բեռնատարների անցումը գյուղամիջով և դրա վտանգների մասին խոսելիս խորենեցիները ավելացրեցին նաև նորահայտ վտանգը, որը մինչ այդ գոյություն չուներ։
«Վարորդները բերում շներին դաշտերն են գցում, դրանք էլ գալիս գյուղ են լցվում ու հարձակվում բնակիչների վրա։
Բարձր քարերի մոտ 4 տարեկան երեխայի վրա էին հարձակվել շները, ես նկատեցի օգնեցի։ Գյուղում միայնակ քայլելը վտանգավոր է դարձել՝ հատկապես գիշերով»,- իր մտահոգությունը հայտնեց Գրիգոր Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Թորիա գյուղի մոտ գտնվող ավազահանքը Վրաստանի կառավարությունը ժամանակավոր սեփականության է հանձնել Հարություն (Միշա) Խաչատրյանին: Վերջինս մինչև սեպտեմբեր ամիս հանքը շահագործելու իրավունք ուներ, սակայն սեպտեմբերն էլ եկավ իսկ բեռնատարները շարունակում են երթևեկությունը ինչպես երբևէ։
բեռնատար ավազ 1

Ջուլիետա Տոնականյան