Ախալքալաքի Գոգաշեն գյուղի մանկապարտեզի շինարարության աշխատանքների վերջնաժամկետը երեկ, նոյեմբերի 30-ին էր, սակայն աշխատանքները դեռ ընթացքի մեջ են:
Գոգաշենը գտնվում է Ախալքալաքից 30 կմ հեռավորության վրա: Այստեղ կան շատ խնդիրներ, սակայն այստեղ մանկապարեզի հարցը ամենակարևորներից մեկն են համարում: Մանկապարտեզի կառուցման համար 2020 թվականին հայտարարվել էր տենդեր-մրցույթ և ըստ համաձայնագրի այն պետք է ավարտին հասցվեր 2021 թվականի օգոստոսի 31-ին: Սակայն եղանակային վատ պայմանների պատճառով ժամկետը հետաձգվել էր մինչև նոյեմբերի 30-ը: Այդ ժամանակահատվածը ևս չի բավականացրել, որպեսզի աշխատանքները ավարտին հասցվեն: Տենդերը շահած «Կ-կոմպանիա»-ի ներկայացուցիչ Կոբա Նադիրաձեն ասում է, որ պատրաստ են ուշացման համար տուգանք վճարել: Նրա խոսքերով, մինչև շաբաթվա վերջ նախատեսում են ավարտել աշխատանքները:
«Մանկապարտեզի շինարարության համար համաձայնագիրը կնքվել է անցած տարվա նոյեմբեր ամսին, սակայն անձրևի և ցրտի պատճառով չկարողացանք տեղավորվել ժամանակի մեջ: Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար, բայց թե երբվանից կսկսի այն գործել, չեմ կարող հստակ ասել», – հավելեց նա:
Իսկ Գոգաշեն գյուղի բնակիչներից մեկի խոսքով, մանկապարտեզը նախատեսվում է մի քանի գյուղի երեխաների համար: Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը հաստատեց այդ ինֆորմացիան, ասելով որ մանկապարտեզը նախատեսվում է Հոկամ, Քարծեփ, Ափնիա, Ազմանա և Գոգաշեն գյուղերի համար, և ստուգումներից հետո արդեն պարզ կդառնա, թե երբ կլինի մանկապարտեզի բացումը:
Մանկապարտեզի համար տենդերով հատկացված բյուջեն կազմում է 802209 լարի, 2020 թվականի համար պետական բյուջեից հատկացված գումարը կազմում է 137500 լարի, տեղական բյուջեից՝ 12500 լարի։ 2021 թվականի համար պետական բյուջեից հատկացված գումարը կազմում է 624599 լարի, իսկ տեղական բյուջեից՝ 27610 լարի։