Վրաստանում բուժքրոջ մահը ցավալի է, մենք ուշադիր ուսումնասիրում ենք բոլոր դեպքերը, որոնք, ամենայն հավանականությամբ, կապված են պատվաստանյութի հետ, – ասել է առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական Մարիանջելա Սիմաոն:
Սիմաոն նաև նշել է, որ պատվաստանյութի օգուտը գերազանցում է ռիսկերը, որոնք կարող են առաջանալ հնարավոր կողմնակի ազդեցությունների արդյունքում:
«Ցավոք, Վրաստանում բուժքրոջ մահը շատ վատ նորություն է, շատ ցավալի է: Մենք շատ ուշադիր ուսումնասիրում ենք մահվան բոլոր դեպքերը, որոնք, հավանաբար, կապված են պատվաստանյութի հետ: Մենք նաև ուշադիր ուսումնասիրում ենք մակարդման խանգարումները «Աստրազենեկայով» պատվաստված մարդկանց մոտ: Այսպիսով, ոչ միայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, այլև Եվրոպական դեղերի գործակալությունը մանրակրկիտ ուսումնասիրել է բոլոր հիվանդների պատմությունը, առկա բոլոր ապացույցները և եզրակացրել, որ շատ լուրջ, հազվագյուտ դեպքերը կարող են կապված լինել պատվաստումների հետ, մենք խոսում ենք միլիոնից մեկ կամ երկու դեպքերի մասին, և եզրակացությունն այն է, որ Covid-19-ով վարակվելու ռիսկը, որն աշխարհում արդեն սպանել է 2.6 միլիոն մարդու, շատ ավելի մեծ է:
Այսպիսով, պատվաստանյութի օգուտները գերազանցում են ռիսկերը, որոնք կարող են առաջանալ հնարավոր կողմնակի ազդեցություններից: Պատվաստանյութը լավն է, այն կանխում է կորոնավիրուսից մահը», – հայտնել է Մարիանջելա Սիմաոն: