Վրաստանի վարչապետի նախաձեռնությամբ հատուկ աշխատանքին խումբ կստեղծվի, որը առաջիկա շաբաթներին սոցիալական քաղաքականության նոր ծրագիր կմշակի, որի շրջանակներում քաղաքացիները շահագրգռված կլինեն աշխատանք գտնելու:
Վարչապետի խոսքով, աշխատանքային խումբը նոր սոցիալական փաթեթ կներկայացնի։
«Ուզում եմ սկսել սոցիալական քաղաքականությունից։ Ինչպես գիտեք ներկայիս դինամիկան, միտումները ընդհանուր առմամբ անհանգստացնող են։ Կոպիտ ասած, իրականում գործող սոցիալական քաղաքականության շրջանակներում մենք մեր չափահաս, աշխատունակ բնակչությանը ընտելացրել ենք աղքատության, գործազրկության, անգործության հետ։ Փաստորեն, այսօր աշխատունակ, սոցիալապես անապահով քաղաքացին չի մտածում նոր աշխատանք սկսելու մասին՝ վախենալով, որ դրանից հետո պետությունը չի տրամադրի սոցիալական օգնություն։ Տարրական կենսապայմանները բարելավելու մոտիվացիա չունեն, և սա աղետալի է: Մենք՝ որպես կառավարություն, պետք է համարձակ, արդյունավետ քայլեր ձեռնարկենք»,- ասել է վարչապետը։
Իրակլի Ղարիբաշվիլին մտծաում է աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլիի գլխավորությամբ, որը սոցիալական քաղաքականության նոր ծրագիր կներկայացնի:
«Մենք պետք է ստեղծենք նոր ծրագիր: Սոցիալական աջակցության փոխարեն աշխատունակ քաղաքացիներին պետք է աշխատատեղ առաջարկենք։ Մենք կարող ենք հազարավոր և տասնյակ հազարավոր աշխատատեղեր ստեղծել յուրաքանչյուր քաղաքի համար, յուրաքանչյուր մունիցիպալիտետի համար»,- ասել է Ղարիբաշվիլին:
Այսօրվա դրությամբ Վրաստանում մոտ 600 000 սոցիալապես անապահով քաղաքացի կա, որից առնվազն 200 000-ը, եթե ոչ ավելին, աշխատունակ քաղաքացիներ են, ովքեր գործող սոցիալական քաղաքականության պատճառով չունեն աշխատանք փնտրելու մոտիվացիա։