PMCG խորհրդատվական ընկերության ուսումնասիրության համաձայն, Վրաստանի բնակչության գրեթե կեսն ապրում է օրական 5,50 դոլարից պակաս գումարով:

Այս գումարը Համաշխարհային բանկի դասակարգման համաձայն միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների համար աղքատության շեմ է հանդիսանում: 2017-ից 2021 թվականներին օրական 5,5 դոլարից քիչ գումարով ապրող աղքատության եզրին գտնվող բնակչության մասնաբաժինը 43%-ից հասել է մինչև 46,6%-ի:

2021 թվականի դրությամբ Վրաստանի բնակչության 17%-ն ապրում էր օրական 3,2 դոլարից պակաս գումարով (Ըստ Համաշխարհային բանկի դասակարգման միջինից ցածր եկամուտ ունեցող աղքատության շեմը): 2017 թվականին այդպիսիք կազմում էին 16.1%-ը։

Ծայրահեղ աղքատ բնակիչները, որոնք ապրում են օրական 1,9 դոլարից պակաս գումարով, հինգ տարվա ընթացքում 5%-ից հասել են 4%-ի:

Բացարձակ աղքատություն՝ «Սաքստատ»-ի տվյալները.

Բացարձակ աղքատությունը ցույց է տալիս բնակչության այն մասնաբաժինը, որի եկամուտներն ու ծախսերը ցածր են կենսապահովման նվազագույնից։ Ըստ «Սաքստատ»-ի՝ միջին ընտանիքի նոմինալ կենսապահովման նվազագույնի չափը 2021 թվականին հասել է մինչև 334 լարիի։

2017-2021 թվականներին Վրաստանի բնակչության մասնաբաժինը, որը գտնվում է բացարձակ աղքատության շեմից ցածր վիճակում, նվազել է 21,9%-ից մինչև 17,5%:

2020 թվականին կորոնավիրուսային համավարակի թեժ պահին երկրում աղքատության բացարձակ շեմից ցածր ապրողների թիվն աճել էր 1,8%-ով։ Ճգնաժամի նկատմամբ առավել խոցելի էին գյուղերը, որտեղ ցուցանիշն անմիջապես աճել էր 3,8%-ով։

Հարաբերական աղքատությունը, այսինքն՝ հասարակության մեծ մասի համար ստանդարտ ապրելակերպ վարելու համար ռեսուրսների բացակայությունը հինգ տարվա ընթացքում 22,3%-ից իջել է 18,9%-ի: