Նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումներն անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է, տեղեկացնում է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։

Նոյեմբերի 18-ի՝ ժամը 10։00-ի դրությամբ, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական կայուն է։

Պարզվել է ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ Երևան տեղափոխված զոհված զինծառայողի ինքնությունը. 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան։

Մարտերի արդյունքում անհետ կորած զինծառայողների հայտնաբերման, ինչպես նաև գերեվարվածների վերադարձի շուրջ աշխատանքները շարունակվում են, դրանց ընթացքի վերաբերյալ ՊՆ-ն պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։

Նոյեմբերի 17-ին, ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան էր տեղափոխվել նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից ՀՀ ԶՈՒ զինծառայողի մարմին։